News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աբովյանում վերընտրված քաղաքապետ Վահագն Գեւորգյանը կլանային կառավարման մաս է կազմում։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ խոսելով Աբովյանի ընտրություններից։

«Ես չեմ կարծում եմ, որ քաղաքացիները չեն լսել մեր գնահատականները քաղաքական սաբոտաժի մասին, գնահատականները քաղաքապետի կատարած աշխատանքների մասին: Ես պարզապես այդ քաղաքացիների մոտիվացիայի աղբյուրը չեմ կարող մեկնաբանել, տուրք տվեցին Վահագն Գեւորգյանի՝ որպես քաղաքապետ վերարտադրմանը։ Այո, ես ընդունում եմ այդ արդյունքները, քանի որ քաղաքացու քվեով ձեւավորված արդյունքներ են, բայց դրանից իմ գնահատականը չի փոխվում, Վահագն Գեւորգյանը Աբովյանում կլանային կառավարման մաս է կազմում, որովհետեւ նրա բազմաթիվ որոշումներ ուղղակիորեն հակասում են հողային օրենսգրքին, ՏԻՄ օրենսգրքին, ինչպես նաեւ՝ քաղաքացու ու պետության շահին, եւ դրանք կյանքի են կոչվել Վահագն Գեւորգյանի որոշմամբ կամ գործուն աջակցությամբ։ Իմ գնահատականը հիմնված է փաստերի վրա»,– նշեց մարզպետը։

Դիտարկմանը, թե իր հայտարարությունը հակասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Աբովյանում ժողովրդավարության հաղթանակի մասին, Ռոմանոս Պետրոսյանը հակադարձեց. «Ոչ, քանի որ այդ արդյունքերը ընդունել ենք ի գիտություն եւ մեր պարտությունը արժանապատվորեն ընդունել ենք։ Ժողովրդավարության հաղթանակն էր, քվեի, ընտրական մեխանիզմների, ընտրական ինստիտուտների առումով։ Այլ հարց է այն գործիքակազմը, ինչի շնորհիվ այդ քվեն ֆիքսվեց, քննարկելի է»։

Մարզպետը լուրջ ընտրախախտում է համարում այն ցուցակը, որ ինքը հայտնաբերել է, որը, նրա խոսքով, պետք է իրավական քննության առնվի։

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Աբովյանի քաղաքապետի հետ աշխատանքը,  նա նշեց, որ անձնական որեւէ պայքար չկա. «Աշխատելու ենք օրենքով, իսկ իմ քաղաքական գնահատականները մնում են ուժի մեջ, Վահագն Գեւորգյանը պետք է ապացուցի, որ ինքը սաբոտաժ չի անում, ապացուցի, որ իր որոշումներում առաջնորդվելու է բացառապես քաղաքացու եւ պետության շահերով»։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն գնահատականին, թե Ռոմանոս Պետրոսյանը փչացրել է ընտրությունները իր ակտիվ մասնակցությամբ եւ ընտրություններից հետո պետք է հրաժարական տա, մարզպետն արձագանքեց.  «Նման քաղաքական գնահատական տալը ինչ-որ առումով զավեշտալի թվաց, որովհետեւ Էդմոն Մարուքյանը շատ լավ գիտի քաղաքական պայքարի գործիքակազմը, նաեւ շատ լավ գիտի, որ մարզպետի ողջ լիազորությունները, իմ հնարավորությունները ներդրել եմ օրենքի գերակայություն հաստատելու համար, եւ իմ գործողությունները բացառապես ուղղված են եղել հակադարձելու քրեաօլիգարխիայի նախկին խաղի կանոններով Վահագն Գեւորգյանի վերարտադրմանը։ Այսինքն՝ եթե իմ գործողությունները միտված են օրենքի պահպանմանը՝ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, եւ ջանացել եմ ամենաակտիվ ձեւով ապահովել ընտրությունների օրինականությունը եւ քաղաքական իմաստով նաեւ արժանապատիվ քվեի ֆիքսումը, արգահատելի մեթոդներով ընտրազանգվածին բերելու, ուղղորդելու այդ երեւույթները կանխելուն նաեւ, եւ դրան պարոն Մարուքյանը գնահատական է տալիս, որ իմ ակտիվ մասնակցությամբ փչացրել եմ ընտրությունները, ես պարոն Մարուքյանին չեմ հասկանում, եւ այստեղ պարզաբանման խնդիր կա, ես կոչ կանեմ, որ հարգարժան պատգամավորը՝ որպես իրավաբան, գնահատական տա ԲՀԿ ներկայացուցչի մոտ հայտնաբերված ընտրացուցակի երեւույթին, ապա նոր անդրադառնա իմ վարքին։ Բնականաբար, իմ պաշտոնավարման նպատակահարմարությունը կախված է բացառապես մեկ մարդուց՝ հանրապետության վարչապետից, իսկ առհասարակ այս պահին նման օրակարգային հարց չկա»։

Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ ինչով է պայմանավորված Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած թեկնածուի պարտությունը, իշխանության վարկանիշն էր ընկել, թե թեկնածուն էր վատը, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Ոչ իշխանության վարկանիշն է ընկել, ոչ էլ Գուլյանը վատ թեկնածու է, պարզապես Աբովյանում դեռեւս կլանային կառավարումը կենսունակ է, գործի էր դրվել ԲՀԿ ողջ քաղաքական արսենալը, ֆինանսական հզորությունները՝ բառի ուղղակի եւ անուղղակի իմաստներով»։

Այնուահնդերձ, մարզպետի խոսքով՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու որոշում չունեն։

Իսկ ԲՀԿ–ականների այն մեկնաբանությանը, թե ՔՊ–ի թեկնածու նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան եւ տունը հրկիզելը բեմանականացված էր իշխանությունների կողմից, մարզպետը հորդորեց ԲՀԿ–ականներին դիմել իրավապահներին.  «Ես վիրավորական եմ համարում նման ձեւակերպում տալը, ես կոչ եմ անում պարոն Ծառուկյանին եւ բոլոր նրանց, ովքեր որ նման կասկածներ ունեն, թող իրենց ձեռքի տակ եղած փաստերով դիմեն իրավապահ մարմիններին, այդ վարկածը քննելու համար, հակառակ դեպքում դա զրպարտանք է ներկայացնում։ Ես բացառում եմ, որ մեր թիմից որեւէ մեկը կարող էր նման բան իրեն թույլ տալ»։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահանգ Գեւորգյանը։ Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավեր է եղել 360 թվեաթերթիկ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ