News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն»-ը ողջունում է ընտրական գործընթացների նկատմամբ վարչապետի ցուցաբերած առողջ մոտեցումը։ Այս մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարությունում։

«2019թ. հունիսի 9-ին Հայաստանում տեղի ունեցան ՏԻՄ մարմինների ընտրություններ, որոնք հավաստեցին Հայաստանյան նոր իշխանության պատրաստակամությունը կառուցելու քաղաքական մենաշնորհներից զերծ ժողովրդավարական պետություն:

«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու ավանդույթը, ի հեճուկս հին համակարգի դիմադրության եւ կենսունակության, Հայաստանում քայլ առ քայլ ամրակայվում է: Մեր պետության մեջ աստիճանաբար իշխող է դառնում այն համոզումը, որ օրինական իշխանության ձեւավորման միակ ուղին ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, արդար ընտրությունների ապահովումն է:

«Ժառանգություն»-ը ողջունում է ընտրական գործընթացների նկատմամբ ՀՀ վարչապետի ցուցաբերած առողջ մոտեցումն ու ամեն գնով իշխանության չհասնելու մեծամասնության քաղաքական կամքը: Այդուհանդերձ, պետք է նշենք, որ անցած ընտրությունները հերթական անգամ բացահայտեցին գործող ընտրական օրենսգրքի թերի կողմերը, ինչպես նաեւ նոր իրավիճակը համարժեք գնահատելու անկարողությունը առանձին պաշտոնյաների կողմից, որի հետեւանքով հնչեցին քաղաքացիների ազատ ընտրությունը պիտակավորող հայտարարություններ, հեղափոխության գաղափարի շահարկումներ, կատարվեցին անգամ քրեական պատասխանատվություն ենթադրող քայլեր:

«Ժառանգություն»-ը եւս մեկ անգամ կոչ է անում ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանություններին քաղաքական հետեւողականություն դրսեւորել՝ ավարտին հասցնելով ընտրական օրենսգրքի եւ դրա հետ սերտորեն առնչվող օրենքների փաթեթի տապալված բարեփոխումը, որը վերջնականապես կհաղթահարի ՀՀ հասարակական-քաղաքական լայն շրջանակներում առկա անվստահությունը ընտրությունների գործող համակարգի հանդեպ՝ իրավականորեն բացառելով իշխանական տարբեր լծակների գործադրումը կուսակցական մենաշնորհներ ձեւավորելու արատավոր Ճանապարհին»,– ասվում է հայտարարությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ