News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Քաղաքական հայացք չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ դատավորի համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված, 2008-ի մարտի 1-ին տուժածների իրավահաջորդների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը։

«Հայաստանում չկա մարդ, որը չունենա քաղաքական հայացքներ։ Քաղաքական հայացք չունենալը ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ դատավորի համար։ Այլ խնդիր է՝ որքանով են այդ հայացքները ազդում դատավորի՝ արդարադատության իրականացման վրա։ Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ, չեմ կարող չունենալ, դրանց մի մասը ես բարձրաձայնել եմ։ Սահմանադրական դատարանը ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ Սահմանադրական դատարանը ապաքաղաքական մարմին է, կներեք, այս պետությունում ամենաքաղաքական որոշումներ կայացնողը հենց Սահմանադրական դատարանն է»,- նշեց նա՝ հավելեվ, որ իրավական լինելը չի բացառում քաղաքական ազդեցությունը։

Հարցին, թե արդյոք իր թեկնածության առաջադրումը քաղաքական որոշման արդյունք չէր, Գրիգորյանը չհերքեց. «Իհարկե, քաղաքական որոշման արդյունք էր։ Քաղաքական մի մարմնից մյուս մարմնին թեկնածության առաջադրում է տեղի ունեցել»։

Վահե Գրիգորյանը օրենքի խախտում չի համարում իր թեկնածության երկրորդ անգամ առաջադրելը. «Որեւէ խախտում չկա։ Սա հանրապետության գլխի սահմանադրական լիազորության իրականացումն է, եւ օրենսդիրը չի կարող դրան միջամտել»։

Ընդդիմադիրների այն պնդմանը, թե Վահե Գրիգորյանը լավ հարաբերություններ ունի իշխանության հետ եւ դրանով կարող է կաշկանդված լինել, նա շեշտեց. «Ես բացարձակապես կաշկանդվածություն չունեմ։ Ես այդ պաշտոնում ընտրվելու դեպքում երդում եմ տալու, եւ դա չի նշանակում, որ ես այնտեղ լինելու եմ որեւէ խմբավորման ներկայացուցիչը»։

Հարցին,թե արդյոք պատրաստ է ստանձնել ՍԴ դատարանի նախագահի պաշտոնը, ասաց՝  «Դատարանի նախագահի հարց չի քննվում այս պահին, ես թեկնածու եմ, հեռանկարում չեմ կարող ասել, եթե ասում եք՝ հեռանկարում էդպես են ասում, ովքեր են ասում, էդ հարցը լուծում են միայն դատավորները: Դատավորներն են որոշելու»։ Եվ այնուամենայնիվ հայտարարեց՝ «Ես պատրաստ եմ, այո´»։

Հարցին՝ իր քաղաքական հայացքները չե՞ն խանգարի արդարադատություն իրականացնելիս եւ հնարավոր է՝ զանգովի արդարադատությունը գործի նաեւ իր դեպքում, Վահե Գրիգորյանն ասաց. «Ցանկացած որոշում լինելու է իմ որոշումը, ես երբեք չեմ արդարանալու, որ ճնշման տակ եմ եղել։ Որ պահին ես ճնշման տակ կլինեմ, ես այլեւս դատավոր չեմ լինի։ Դատավորները արդարանալու ոչինչ չունեն։ Եթե գործադիր իշխանության մի կոչով կարելի է ճնշում գործադրել դատական իշխանության վրա, ավելի լուրջ մտահոգության առիթ է այդ դատական իշխանությանը»։

Կարծիքը, որ դատարանները շրջափակելու գաղափարը ինքը՝ Վահե Գրիգորյանն է հուշել, նա հերքեց. «Բացարձակ։ Ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց, հաստատ, դա իմ ոճը չէ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նորմալ է համարում դատարանի բակում հանրահավաքներ անցկացնելը, Վահե Գրիգորյանն արձագանքեց, որ նորմալ է համարում, եթե հավաքը ապահով հեռավորության վրա է։

Դիտարկմանը, թե Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունում նշվում է նաեւ իր անունը, Վահե Գրիգորյանն պատասխանեց. «Այնտեղ ասվում է՝ Վահեն է գալու, ինչ–որ բան պիտի գրի, իրականում ոչ մի բան չպիտի գրեի, լայնածավալ գրականություն էր, որ պետք է փոխանցեի իրենց։ Ես կարծում եմ, որ մեր իրավական մշակույթի մեջ ընդունված չի եղել, որ փաստաբանը, անհատ փաստաբանը կարող է իր պահանջները թելադրել թե ՀՔԾ-ին, թե դատախազությանը։ Իմ հստակ դիրքորոշումն է եղել՝ տուժողներիս վերաբերյալ բոլոր քննարկումները, խնդիրները, հարցերը հրապարակայնացնելը միայն իմ ներկայացնելու հարցն է»։

Տպել
Ամենաշատ