News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում (ԵՊԲՀ) ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հունիսի 10-ին տեղեկացրել էր, որ  ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ Բացի այդ, ձեռք է բերվել 222.0 մլն արժողությամբ գույք առանց գնման որեւէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։

«Առկա են հիմնավոր կասկածներ, որ գույքը համալսարանի հետ առընչություն չունեցող անձանց կողմից օգտագործվել է առեւտրային նպատակով։ Հատկանշական է այն հանգամանքը, որ համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Հետեւյալ համատեքստում ամենաբարձր լրացուցիչ միջին ամսական աշխատավարձերը կազմել են 5.1 մլն., 3.8 մլն. եւ 3.3 մլն. դրամ։ Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի փոխանցած նույն օրվա պարզաբանման մեջ էլ նշված էր. «ՊՎԾ հայտարարությունում արձանագրված խնդիրները հիմնականում վերաբերվում են 2015-2016 թվականներին։

«Պաշտոնապես ԵՊԲՀ-ն 2019 թվականի մայիսի 29-ին է ստացել ՊՎԾ -ի կողմից ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրությունների մասին տեղեկանքը: Տեղեկանքին կից գրության մեջ հստակ նշված է, որ տեղեկանքի մասին դիրքորոշում ԵՊԲՀ-ն պետք է ներկայացներ մինչեւ հունիսի 15-ը: Թե որքանով է պրոֆեսիոնալ, գործընկերային, ճիշտ եւ տեղին հայտարարություններ անելը մինչեւ վերահսկողության ենթարկված հաստատության՝ այս դեպքում ԵՊԲՀ-ի պաշտոնական պատասխանը չստանալով, թողնում ենք յուրաքանչյուրի դատողությանը:

Տեղեկացնենք, որ ԵՊԲՀ-ում շուրջ 6 ամիս ուսումնասիրություններ են իրականացվել՝ ուսումնասիրության ժամանակահատվածն է եղել 2015-2018 թվականները: Այժմ տեղեկանքում նշված փաստերի մասին. ներկայացված 2 տվյալների ժամանակահատվածը 2015-2016 թվականներն են, սակայն հայտարարության մեջ ՊՎԾ-ի կողմից ներկայացված «փաստերը» դեռեւս իրավականորեն հաստատված չեն, ինչի մասին, ի տարբերություն ՊՎԾ-ի, կներկայացնենք փաստարկված եւ օրենքի տառին համապատասխան:

Հավելենք, որ ՊՎԾ-ի տեղեկանքում, հստակ արձանագրված են ԵՊԲՀ-ի տարբեր ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման բարելավումները՝ թե ֆինանսական եւ թե կազմակերպչական, միգուցե կամ տեխնիկական բացթողում է եղել դրանց չարձանագրումը ՊՎԾ-ի հայտարարության մեջ կամ ՊՎԾ-ն աշխատաքային նման գործելաոճ է որդեգրել՝ խոսել միայն բացթողումների մասին՝ չսպասելով համապաստախան պատասխանին: Ավելացնենք, որ ուսումնասիրության ողջ ընթացքում ԵՊԲՀ-ի աշխատակիցները կառուցողական եւ պատրաստակամ աշխատել են ՊՎԾ ներկայացուցիչների հետ եւ ի տարբերություն ուսումնասիրության ընթացքում երկուստեք պրոֆեսիոնալ մոտեցումներին, պետք է փաստենք, որ նմանաբովանդակ հայտարարությունն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս եւ հուսով ենք, որ ՊՎԾ-ն անհրաժեշտ հավելյալ պարզաբանումներ կներկայացնի՝ տարատեսակ տարընկալումներից խուսափելու համար:

Վերջում, քանի որ հենց ՊՎԾ-ի կողմից առիթ ընձեռնվեց հրապարակային խոսել ուսումնասիրության արդյուքների մասին, կցանկանայինք նաեւ շնորհակալություն հայտնել ՊՎԾ աշխատակիցներին՝ համատեղ աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ հետագայում աշխատանքների ամփոփումների վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես կլինի արհեստավարժ եւ օբյեկտիվ՝ ինչպես ուսումնասիրության ողջ ընթացքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ