News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Տեսականորեն ՍԴ բոլոր դատավորները կարող են դառնալ ՍԴ-ի նախագահ: Այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի այն հայտարարության մասին, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։

«Սահմանադրությունը հստակ մեխանիզմներ է նախատեսում, այդտեղ որեւիցե խնդիր չեմ տեսնում»,-նշեց Վարդանյանը:

Հարցին՝  Վահե Գրիգորյանի հայտարարությունը ինչո՞վ է պայմանավորված,  նման իրավական կարգավորում կա՞, ԱԺ հանձնաժողովի նախագահը պատասխանեց․  «Մենք թեեւ խոսում ենք թավշյա հեղափոխության մասին, բայց մենք ամբողջությամբ այս հարցում մնում ենք սահմանադրական կարգավորումների ուղեծրում: Պարոն Գրիգորյանը նաեւ ասաց, որ ինքը նախատեսում է կառուցողական երկխոսություն սկսել ՍԴ-ում ներգրաված անձանց հետ: Քանի դեռ այդ կառուցողական քննարկումները շարունակվում են, ԱԺ-ն չի կարող իր վրա վերցնել այդ բոլոր պարտականությունները, որոնք այս կամ այն մարմնին են վերապահված։ Սխալ կլինի, որ ես ԱԺ-ից մեկնաբանեմ դատական իշխանության հետ կապված որեւէ հայտարարություն»:

Ճգնաժամի առաջացման հավանականության մասին Վահե Գրիգորյանի հայտարարության առնչությամբ հարցին Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Մենք բոլորս գիտենք, որ ՀՀ-ն գտնվում է անցումային փուլում: Դա պայմանավորված չէ սոսկ թավշյա հեղափոխությամբ, այլ պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ 2015-ին ուժի մեջ մտած Սահմանադրական կանոնակարգումները դեռ ամբողջությամբ իրացված չեն, այս տեսանկյունից է Վահե Գրիգորյանն անդրադառնում այս հարցին»

Հարցին՝ ինչպե՞ս են ստիպելու, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա, պատգամավորը  խուսափողական պատասխանեց․ «Պարոն Գրիգորյանն ասեց, որ կառուցողական փոխըմբռնման մթնոլորտում փորձելու է երկխոսություն ծավալել ՍԴ-ի հետ: Որպես ԱԺ հանձնաժողովի նախագահ՝ ես միայն կարող եմ ասել,որ մենք պատրաստ ենք հարթակ լինել այդ երկխոսության համար»:

ՍԴ-ում երկու դատավորի մասով նա նաեւ շեշտեց․ «ՍԴ-ում կա երկու դատավոր, որոնք ընտրվել են նոր ընթացակարգով, սա միանշանակ է»:

Վարդանյանն ընդգծում է՝ իրավագիտությունը մեկնաբանության արվեստ է։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։

Տպել
Ամենաշատ