News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Իրավունքի ոլորտում դիլետանտությունը հասել է վտանգավոր չափերի ու արդեն մուտք գործել Սահմանադրական դատարան։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման բաժնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը։

Նա Վահե Գրիգորյանի մասնագիտական ունակությունները կասկածի տակ է դրել այն հայտարարությունից հետո, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները. «Անկեղծ ասած՝ ես ամաչում եմ այդ հարցը լրջորեն քննարկելուց, որովհետև դա վերին աստիճանի պրիմիտիվ մեկնաբանություն է։ Բայց մյուս կողմից՝ իրավունքի ոլորտում դիլետանտությունը հասել է վտանգավոր չափերի ու արդեն մուտք գործել Սահմանադրական դատարան։ Դրա դեմը պետք է առնել, այլապես հետևանքները կարող են կործանարար լինել երկրի համար։ Շատ ադեկվատ իրավաբաններ արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել Սահմանադրության այդպիսի խեղաթյուրման առնչությամբ, անգամ իրավագիտության սկզբունքների հիման վրա մանրամասն մեկնաբանել այդ հարցին վերաբերելի նորմերը, ինչի կարիքն իրականում չպիտի լիներ։ Սակայն երբ սահմանադրական նորմերը պրիմիտիվ մեկնաբանման են ենթարկվում ՍԴ դատավորի կողմից, դա արդեն չափազանց լուրջ սպառնալիք է երկրի սահմանադրականության նկատմամբ, և պետք է միանգամից դրա դեմն առնել»։

Որպես խնդրի հանգուցալուծում՝ Գոռ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ  ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. «ՍԴ դատավորը, որը երկրի գործող Սահմանադրության նկատմամբ ունի անթաքույց արհամարհական վերաբերմունք, այն անվանում է բռնաբարության ծնունդ, դիտավորյալ խեղաթյուրում է Սահմանադրության իմաստը՝ հանդես գալով իր պաշտոնական կարգավիճակով երկրի խորհրդարանում, չի կարող ու չպիտի շարունակի պաշտոնավարել իբրև դատավոր։ Նա ակնհայտորեն ի վիճակի չէ իրականացնել սահմանադրական արդարադատություն գործող Սահմանադրության հիման վրա և պաշտպանել այդ Սահմանադրությունը։ Բացի այդ, ՍԴ նախագահի լիազորությունների ապօրինի յուրացման փորձն արդեն չափազանց ծանր խախտում է, ուստի այս հարցի հանգուցալուծումը ես տեսնում եմ գործող Սահմանադրության 164-րդ հոդ․ 9-րդ մասի շրջանակում։ Մտածում եմ, որ Սահմանադրական դատարանի բոլոր ութ անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին էական կարգապահական խախտում կատարելու հիմքով»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Տպել