News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Ադրբեջանա-վրացական պետական սահմանի սահմանագծման հարցը լուծվում է առկա երկկողմ ձեւաչափերի շրջանակում՝ նման հարցերի համաձայնեցման վերաբերյալ գոյություն ունեցող միջազգային ընթացակարգերի հիման վրա։ Ադրբեջանը մշտապես ադրբեջանա-վրացական սահմանի գծման կողմնակիցն է եւ պատրաստ է ամենամոտ ապագայում ավարտել այդ գործընթացը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան։

Վերջին օրերին Վրաստանի նախագահ Ս.Զուրաբիշվիլին արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի 34 տոկոսի հարցը կարգավորված չէ։ Այս ֆոնին հատկանշական են Լ.Աբդուլաեւայի խոսքերն այն մասին, որ սահմանագծման գործընթացը շարունակվում է, եւ այն ուղղված է երկու կողմերի համար ընդունելի արդյունքների հասնելուն։ Դա նշանակում է, որ պետական սահմանի  ավելի քան 450 կիլոմետր հատվածի որոշման հարցում կան լուրջ տարաձայնություններ, որոնցից մեկը երկկողմ հարաբերություններում գայթաքար դարձած Դավիթ Գարեջիի (Քեշիկչիդաղ) վանական համալիրն է։

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, վրացական ԶԼՄ-ները գրել էին վանական համալիր տանող հարավային մատույցների փակման մասին։  Տեղի հոգեւորականի խոսքով՝ ադրբեջանական սահմանապահները վանական համալիրի մոտ հաստատել են նախազգուշացնող ցուցանակներ, որոնք արգելում են դրա մուտքը։

Բացի այդ, Լ.Աբդուլաեւան  հայտարարել է ընթացող խորհրդակցությունների եւ երկու երկրների ռազմավարական հարաբերությունների մասին, ինչը կարելի է դիտարկել որպես Վրաստանին արված ակնարկ երկկողմ հարաբերությունների վրա բացասական ազդեցության առիթով՝ պետական սահմանի կարգավորման հարցում, եթե վրացական կողմը հրաժարվի զիջումներից։

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, օրերս գտնվելով Պանկիսի կիրճում, ասել է, որ երկրի ուժային կառույցները, ցանկացած ագրեսիայի դեպքում, կգործեն օրենքին համապատասխան։ Իսկ դրան նախորդել են բախումներ, որոնք տեղի են ունեցել ապրիլի 21-ին, կիրճում, ՆԳՆ հատուկջոկատայինների եւ տեղի բնակիչների միջեւ, որոնց ընթացքում վրաց ուժայինները կիրառել են ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի բնակիչների բողոքի ցույցերի պատճառով ընդդեմ իշխանությունների ծրագրած հիդրոէլեկտրակայանի շինարարության։

Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամի ղեկավար Գեորգի Չիկովանին ասել է, որ խոսելով երկրի էներգաանվտանգության մասին՝ պետք է հիշել Վրաստանի անցյալում առկա կախվածությունը դրսից էներգաէներգիայի մատակարարումներից, երբ մի քանի անգամ զուգահեռաբար անջատվում էին գազա- եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Նշվել է, որ հէկ կառուցմանը խոչընդոտելը գնահատվում է որպես պետականությանը նետված մարտահրավեր։

Ավելի վաղ ավելի քան մեկ տարի ներդրումային ընկերությունը բավական կառուցողական հանդիպում էր ունեցել կիրճի մոտ ապրող բնակչության հետ, սակայն ապրիլի 21-ին տեղի ունեցավ սադրանք «որոշ ուժերի» կողմից, ինչի հետ կապված՝ իշխանությունները փորձում են հասկանալ միջադեպի պատճառը՝ լռության մատնելով պատահածի պատճառները։

Այս համատեքստում Գ.Չիկովանու հայտարարություններրը կարելի է գնահատել որպես այլ երկրի միջամտություն, որը դրանում անմիջական հետաքրքրվածություն ունի։

Անգամ քաղաքականության նրբություններում անփորձ մարդուն է պարզ, որ սադրանքը ծրագրված էր եւ վարպետորեն իրականացվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Վրաստանի էներգետիկ անկախությունը թույլ չտալու վերջնանպատակով։ Իսկ ինչպես հայտնի է, պետության կախվածությունն օտար էներգառեսուրսներից հանգեցնում է համատարած ստրկացման, ինչին էլ փորձում է հասնել Ադրբեջանը՝ թափահարելով «խողովակաշարային» մահակը։ Թեեւ միջադեպը դրանով ավարտվեց եւ երկխոսություն սկսվեց, բայց սոցցանցերի ադրբեջանական հատվածում մի քանի օր ակտիվ արծարծվում էր Վրաստանին գազի մատակարարումը դադարեցնելու թեման։

Մանիպուլացնելով գազատարի լծակը՝ Ադրբեջանն այսուհետ եւս իր ձեռքում կպահի հյուսիսարեւմտյան հարեւանի սանձը՝ մի շարք զիջումներ պոկելով տարբեր ոլորտներում, այդ թվում եւ պետական սահմանի սահմանագծման հարցում։

Րաֆֆի Սամվելյան 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ