Դուբայի շեյխ Մոհամմեդ իբն ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, որը փախել էր ամուսնուց, թաքնվում է Լոնդոնում եւ վախենում է իր կյանքի համար, հաղորդում է BBC-ը: 

69-ամյա շեյխն Instagram-ում «կատաղի» պոեմ է հրապարակել՝ անհայտ կնոջը մեղադրելով դավաճանության մեջ:

Հորդանանի 45-ամյա արքայադուստր Հայան ամուսնացել էր շեյխի հետ 2004 թվականին՝ դառնալով նրա 6-րդ եւ «կրտսեր» կինը:

Շեյխը 23 երեխա ունի տարբեր կանանցից:

Արքայադուստրը փախել էր Գերմանիա: Սակայն ասում եմ՝ նա այժմ ապրում է Լոնդոնի կենտրոնում 85 մլն ֆունտ սթերլինգ արժողությամբ թաունհաուսում եւ պատրաստվում է դատավարությանը:

Նրան մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ արքայադուստրը տագնապալի փաստեր է հայտնաբերել անցած տարի շեյխի դստեր՝ Լատիֆայի առեղծվածային վերադարձի հետ կապված: Նա փախել էր ԱՄԷ-ից ֆրանսիացու օգնությամբ, սակայն զինված մարդիկ նրան վերադարձրել էին Դուբայ:

Արքայադուստր Հայան Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնի հետ պաշտպանում էր այդ միջադեպի հետ կապված Դուբայի համբավը: Դուբայի իշխանությունների խոսքով՝ Լատիֆան «խոցելի է շահագործման համար եւ այժմ Դուբայում է՝ անվտանգության մեջ»: Սակայն իրավապաշտպաններն ասում են, որ Լատիֆային իր կամքին հակառակ առեւանգել են:

Եվ Հայան այդ պահից ի վեր նոր փաստեր է ստացել այդ գործով եւ ճնշումների է ենթարկվել ամուսնու ընտանիքի անդամների կողմից:

Նրան մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ Հայան վախենում է վերադառնալ: Լոնդոնում ԱՄԷ-ի դեսպանատունը հրաժարվում է մեկնաբանել «երկու հասուն մարդկանց անձնական գործը»:       

Հավանաբար, Հայան, որը կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում, կցանկանա մնալ այնտեղ: Իսկ եթե նրա ամուսինը պահանջի նրա վերադարձը, ապա դա դիվանագիտական «գլխացավանք» կդառնա Մեծ Բրիտանիայի համար, որը սերտ կապեր ունի ԱՄԷ-ի հետ:

Նրա փախուստն անդրադառնում է նաեւ Հորդանանի վրա, քանի որ Հայան Հորդանանի թագավոր Աբդալլայի խորթ քույրն է: Սակայն միլիոնավոր հորդանանցիներ աշխատում են ԱՄԷ-ում, եւ Հորդանանը չի կարող իրեն Դուբայի հետ պառակտում թույլ տալ: