News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Զինծառայող Յուրիկ Բրոյանի մայր Մարինե Բրոյանը հրաժարվում է որդուն վերադարձնել բանակ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մարինե Բրոյանը։ Նրա խոսքով՝ իր որդին չի խուսափել ծառայությունից, բայց հիմա ի վիճակի չէ շարունակել ծառայությունը։

«Բանակի հետեւանքներն է տղաս մինչեւ այսօր կրում։ Տղաս գտնվում էր Սովետաշենի հոգեբուժարանում, այսօր առավոտյան դուրս են գրել հիվանդանոցից, իմ իրավաբանն ասաց, որ բժիշկների հետ պայմանավորվել է, որ տեղափոխենք «Մուրացանի» ԲԿ։ Ուզում եմ տեղափոխել ԲԿ, բայց որդուս չեն ընդունում։ Իմ աչքի առաջ  բժիշկները ասացին՝ ինչ-որ նյարդաբան տղայիս հետազոտել է, եւ ամեն ինչ նորմալ է։ Այդ բժիշկն էլ ասաց՝ թղթերը լրացրեք, թող գնա ծառայության»։

Նա ասաց, որ Յուրիկը 11 օր է եղել զորամասում, դրանից հետո նրան տեղափոխել են Ստեփանակերտի հոգեբուժարան, այնուհետեւ «Կանազ» հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք, այնտեղից կրկին տեղափոխել են զորամաս. «Ճանապարհին վատացել է, տարել են կրկին Ստեփանակերտի հոգեբուժարան։ Բժիշկը, տեսնելով, որ վիճակը դեպի վատն է գնում, նորից տեղափոխել են «Կանազ»։ Իրենք իրենց մեջ կեղծ թղթեր են լրացրել՝ իբր թե երեխուն բուժել են, եւ թե նա խուսափում է ծառայությունից։ Ու հետո տղայիս վրա քրեական գործ էին հարուցել, թե խուսափում է ծառայությունից»։

Մայրը պատմեց, որ որդուն բանակում են հասցրել այդ վիճակին. ««Կանազ» հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկներն են նաեւ իմ տղային այս օրը գցել։ Որդիս չէր կարողանում քայլել ու խոսել, դրանից հետո տեղափոխեցին ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին, պետի տեղակալը ինձ խաբեց, թե երեխուս լավ կնայեն, կբուժեն, կանեն այնպես, որ այս իրավիճակից դուրս գա։ Որդուս այդտեղ սկսեցին ճնշել։ Պետի տեղակալը անընդհատ որդուս ճնշել է, հարվածել է, եւ դրա հետեւանքներն է, որ որդիս ցնցումներ ունի։ Նա որդուս ստիպելով փորձել է կերակրել՝ գդալով զոռով սեղմել է, որդիս չի կարողացել ճաշը կուլ տալ, լցրել է դեմքին»։

Մարինե Բրոյանն ասաց, որ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ են խնդրին. «ՊՆ-ի թեժ գծի աշխատակիցները առաջին օրվանից գիտեն։ Մեկը մյուսին պաս տալով, զանգ տալով՝ ինձ էլ ասում են՝ մեր բանակը մի փնովեք։ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կեղծ հաղորդումներ է տարածել, թե ես գնացել եմ հոգեբուժարանից իմ երեխուն գողացել եմ, բերել եմ տուն։ Բժիշկը իմ երեխուն դուրս գրեց, տեղ չկար, երեխուն ո՞ւր պետք է տանեի, բերեցի տուն, լողացրի, կերակրեցի, ու հիմա էլ բերել եմ «Մուրացան» ԲԿ, բայց չեն ընդունում։ Իմ երեխեն բժիշկների համար դարձել էր ծիծաղի առարկա։ Զինվոր եմ տվել, որ ծիծաղի առարկա դառնա՞, թե իմ երեխու կյանքի հետ էին խաղում, ասում էին՝ քո երեխու կյանքը կախված է ձեռքիս թուղթ ու գրիչից, եզդի եք, մի 100 գլուխ անասուն կունենաք, տուր, գրեմ՝ ոչ պիտանի»։

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 15-ին, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ զինծառայողը բուժումը ստանալուց եւ դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս։

Տպել
Ամենաշատ