News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով խորհրդի նիստում ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը միջնորդեց, որպես վկա հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին։

Ըստ Բեքմեզյանի, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը եղել է նաեւ հուլիսի 11–ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովի նախագահ եւ նա պետք է ներկայանա եւ որպես վկա պարզաբանի, թե ե՞րբ է Նախշուն Տավարացյանը համարվում պաշտոնը ստանձնած ԲԴԽ անդամ։

«Պետք է մենք պարզենք, թե Դատավորների ընդհանուր ժողովը, որը լիազորել է Նախշուն Տավարացյանին, որպես ԲԴԽ անդամ ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ»,–ասաց նա։

 ԲԴԽ նորընտիր անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանի կարծիքով՝ Երվանդ Խունդկարյանը չէ, որ պետք է գա եւ որոշի, թե ինչպես մեկնաբանել օրենքը։

Վճռաբեկ դատարանի նախագահին ԲԴԽ նիստին հրավիրելու հարցը դրվեց քվեարկության։ Ձայների 4 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ, միջնորդությունը մերժվեց։ Ուշագրավ է, որ կողմ էին ԲԴԽ գիտնական–իրավաբան անդամները, իսկ դեմ՝ դատավոր անդամները։

Նշենք, որ ԲԴԽ–ն կազմված է 10 անդամից՝ 5–ը իրավաբան–գիտանական, իսկ 5–ը դատավոր, սակայն ներկայումս ԲԴԽ–ում 9 անդամ կա, քանի որ մեկ անդամի տեղ թափուր է։

Այնուհետև ԲԴԽ անդամները որոշեցին, որպես վկա հրավիրել Վճռաբեկ դատարանի երկու անդամների։ Այդ հիմքով այսօրվա նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նիստը հրավիրել են ԲԴԽ գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի նախաձեռնությամբ:

Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, որը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին, չի մասնակցել 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ԲԴԽ 2-ից ավելի նիստի, մասնակցել է միայն սույն թվականի հուլիսի 15-ի նիստին։ Տավարացյանը, բացի այն, որ նիստերից բացակայելու հարգելի պատճառներ չի ներկայացրել, նաեւ իր չմասնակցած նիստերի վերաբերյալ չի հայտնել իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին։ Եւ քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, եւ իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում, խորհրդի երեք անդամները հրավիրել են նիստ՝ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։

Տպել