News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանն ընդունել է «Հայկական ակնաբուժական նախագծի» (ՀԱՆ) եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) պատվիրակությանը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի շրջանակում դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններում երեխաների ակնային զննումների կազմակերպման «Ավետիս» պիլոտային ծրագրի իրականացման  եւ ընդլայնման հետ կապված հարցեր:

Ծրագրի իրականացման մանրամասները ներկայացնելու  նպատակով դեռեւս 2018 թվականին հանդիպումներ էին կազմակերպվել նախարարներ Արայիկ Հարությունյանի  եւ Արսեն Թորոսյանի հետ՝ ստանալով դպրոցներում  ծրագիրն իրականացնելու համաձայնությունը: Ծրագրի բովանդակային եւ տեխնիկական հարցերը պետք է համապատասխանեցնել անձնական տվյալների պաշտպանության ՀՀ օրենսդրական պահանջներին: Հանդիպման ընթացքում այս խնդրի մասին հատուկ ընդգծել է նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը:

Ծրագրի շրջանակում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հետ համատեղ Հայաստանում 2018–2019թթ ծնողների համաձայնությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով ակնային զննում է անցել մոտ 20.000 երեխա, որոնցից 10.000-ը՝ Երեւանում,  10.000-ը՝ մարզերում:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ նախագիծն իրականացնող թիմը  նախատեսում է  նաեւ դիմել միջազգային դոնոր կազմակերպությունների՝ ծրագրի ծավալներն ընդլայնելու նպատակով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, ներկայացնելով կրթության ոլորտի ընդհանուր քաղաքականությունը,  մասնավորապես նշել է համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցը եւ ընդգծել, որ հիվանդությունների կանխարգելումը առաջնային նշանակություն ունի ԿԳՄՍ նախարարության համար:   Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել համագործակցության հուշագիր` ծրագիրն ավելի արդյունավետ իրականացնելու համար: Նախատեսվող վերապատրաստման դասընթացներում նախարարի տեղակալի առաջարկությամբ կընդգրկվեն նաեւ բժշկական ուղղվածության միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերի ուսանողները:

Կողմերն անդրադարձել են ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք  տեխնիկական եւ կազմակերպչական հարցերի:

Նշենք, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպությունը (ՀԱՆ) իր գործնեթյան ավելի քան 27 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է  շուրջ 25 բարեգործական ծրագրեր՝ տրամադրվելով ակնաբուժական բարձրորակ ծառայություններ ՀՀ բոլոր մարզերի քաղաքային  եւ գյուղական համայնքների բնակչությանը:

Համագործակցելով Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) հետ` Հայաստանում մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագիր ներդնելու եւ  նորարարական լուծումներով ծրագրեր իրականացնելու  նպատակով  ներկայումս գործարկվում է  «Ավետիս» հարթակի ներդրման փորձնական ծրագիրը:

Տպել
Ամենաշատ