News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ համայնքի ղեկավարին եւ ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Դրանից հետո Վայոց ձորի մարզպետը մի երկարաշունչ գրություն է ուղարկել Գլաձոր համայնքի ղեկավարին, որով առաջարկել է ողջամիտ ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ եւ անվավեր ճանաչել ավագանու վերոնշյալ որոշումը:

Գլաձոր համայնքի ավագանու 2019թ․ հունիսի 14-ի հերթական նիստում քննարկվել է նաեւ այդ որոշումն անվավեր ճանաչելու մարզպետի առաջարկն ու 0 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով այն մերժվել է։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող հանրագրին հավանություն տալու ավագանու որոշումը մնում է ուժի մեջ, իսկ ուղիղ ժողովրդավարության գաղափարը շարունակում է տարածվել Հայաստանում։

Հիշեցնենք, որ մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ Հայաստանում արդեն իսկ հանդես են եկել հինգ համայնք․ 2018թ․ գարնանը՝ Նոյեմբերյանը, 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը, 2019թ․ ապրիլին՝ Գլաձորը եւ 2019թ․ մայիսին՝ Արենին ու Եղեգնաձորը։ Ավագանիների որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու առաջարկներ ներկայացվել է բոլոր այդ համայնքներին՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մարզպետներին ուղարկված գրության հիման վրա։ Այդ առաջարկները մինչ այս մերժվել էին նաեւ Ջերմուկ, Նոյեմբերյան եւ Արենի համայնքների ավագանիների կողմից։

Մնում է հասկանալ, թե ինչո՞ւ է ուղիղ ժողովրդավարության գործիքների միջոցով կառավարությունում հայտնված քաղաքական թիմը պայքարում համայնքային մակարդակներում այդ նույն եղանակի կիրառման դեմ։

 

Տպել
Ամենաշատ