Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ներկա չի գտնվել իր լիազորությունների կասեցման վերաբերյալ ԲԴԽ–ի որոշման հրապարակմանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԲԴխ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
Վերջինս հայտնեց, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը ԲԴԽ–ն քննարկել է դատավոր Դավիթ Գրիգորյանի մասնակցությամբ՝ հուլիսի 26–ին։
Նա նշեց, որ նիստի ընթացքում Դավիթ Գրիգորյանը հարցեր է տվել դատախազին, պատասխանել է ԲԴԽ անդամների հարցերին, ներկայացրել է իր դիրքորոշումը ։
«Նիստի ժամանակ հայտարարվել է որոշման հրապարակման օրվա եւ ժամի մասին, սակայն դատավորը դատական դեպարտամենտին տեղեկացրել է, որ չի ներկայանալու հրապարակմանը»,–ասաց նա։
Բեքմեզյանը տեղեկացրեց, որ որոշման վերջնական տեքստն այսօր պատրաստ կլինի եւ այն կտրամադրեն դատավորին։
Նշենք, որ երեկ՝ հուլիսի 28–ին Դավիթ Գրիգորյանը NEWS.am–ին հայտնել էր, որ տեղյակ չէ իր լիազորությունների կասեցման որոշումից։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Հաջորդ օրը ԲԴԽ–ն որոշում է կայացրել միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Այսպիսով օրենքի ուժով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն է։





























