News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրավական պրոցեսները մեր երկրում ընթանում են իրավական նիհիլիզմի ճանապարհով։ Տպավորություն է , որ մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում, որոնք հետո պարտադրվում են դատաիրավական համակարգին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի. Անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն, որ մարտի 1-ի գործի քննությունը ընթանում է բազմաթիվ խախտումներով թաքցնել այլեւս անհնար է: Մեղավորները նշանակված են, եւ թե ինչ խախտումներով է իրականացվում դատավարությունը՝ գրվում է ամեն օր, եւ դրա մասին գիտեն բոլորը, այլ հարց է, որ պահի շահադիտականությունից ելնելով բոլորը չէ, որ դրա մասին բարձրաձայնում են։  Թեեւ օր օրի ակնհայտ անօրինականությունների եւ հորինված լեգենդի դեմ արտահայտվողների քանակը մեծանում է։ Ընդ-որում մարդիկ կարող են ունենալ տարբեր քաղաքական նախասիրություններ եւ հայացքներ, նույնիսկ իրարամերժ, բայց ակնհայտ ստի ու ակնհայտ անօրինականության դեմ հանդես գալ  միասին։

Իշխանությունը կարծես թե ինքն իր հետ  մրցակցության մեջ է. «մինչեւ ու՞ր է հնարավոր անել ուզածը»։ Կարեւոր չէ, որ դատավորը իշխանություններին ոչ հաճո որոշման համար հայտնվում է մեղադրյալի կարգավիճակում, կարեւոր չէ, որ դատական քննությունը անհարկի ձգձգվում է տեխնիկական պատճառներով, կարեւոր չէ, որ շուրջ երկու ամիս հնարավոր չէ օգտվել արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից:

Դատավոր Դավիթ Գրիգորյանին մարտի 1-ի գործից հեռացնելուց հետո շատ արագ պետք է դատավոր նշանակվեր, լուծվեր կալանքի հարցը: Հակառակ պարագայում, եթե անձը անորոշ ժամկետով գտնվում է կալանքի տակ, լուծումը պետք է բխի բացառապես ազատության կանխավարկածից: Սա կոնվենցիայի պահանջ է:

Եթե իշխանությունները չեն կարող ապահովել օրինական կալանք, ապա միակ լուծումը ազատ արձակելն է: Այս պահին Քոչարյանի կարգավիճակը ավելի մոտ է «պատանդի», քան՝ կալանքի։ Եթե պետության ռեսուրսների պատճառով կալանքի ժամկետն անորոշ է, ուրեմն, խախտվում են մարդու իրավունքները։ Ուրեմն կալանքը կիրառվում է ոչ թե որպես խափանման, այլ պատժի միջոց: Եվ երկու ամիս անց ընդհանուր իրավասության դատարանի այլ դատավորի գործի մակագրումը չի մեղմելու ՄԻԵԴ-ից սպասվող որոշումը:

Զուգահեռ ընթացող մեկ այլ պրոցեսի բանաձեւն էլ այսպիսին է. Ոստիկանն այլեւս մերը չէ: Ամուլսարի շահագործման դեմ բողոքողների հանդեպ ոստիկանության կողմից կիրառված ուժը, մինչ այդ Իջեւանում անհասկանալի ուժի կիրառումը,  հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը խախտումներ են, որոնք նոր Հայաստանում կարծես թե նորմ են դառնում: Այն նույն «նոր» Հայաստանում, որտեղ իշխանության են եկել հավաքների, ճանապարհներ փակելու, թավշյա անհնազանդության միջոցով:

Այստեղ խնդրո առարկան ամենեւին Ամուլսարի շահագործմանը դեմ կամ կողմ լինելը չէ, այստեղ մարդու իրավունքների հերթական խախտման արձանագրումն է: Երբ որոշումների կայացմանը հասարակության մասնակցությունը դեկլարատիվ հայտարարությունների մակարդակից չի բարձրանում, հասարակությանը մնում է դիմել նույն մեթոդներին, ինչ մեկ տարի առաջ այսօրվա իշխանությունները:

Այսօրվա հնարավոր զարգացումների մասին դեռ մեկ տարի առաջ էինք զգուշացրել: Այդպես է լինում մեկ մարդու իշխանության պայմաններում,  այդպես է լինում դատական համակարգի վրա բռնի ճնշումների պայմաններում, այդպես է լինում  սեփականաշնորհված ՀՔԾ-ի  եւ հորինվող քրեական գործերի պայմաններում։ Եվ մենք կարող ենք վստահաբար ասել, թե ինչ է լինելու վաղը, եթե այսօր հետեւություններ չարվեն: Եթե այսպես շարունակվի»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ