News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Պենտագոնը դադարեցրել է հակահրթիռային պաշտպանության նոր սերնդի, մասնավորապես, միջմայրցամաքային որսիչ հրթիռների նոր համակարգերի ստեղծման աշխատանքները, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ծրագրի վրա արդեն ծախսվել է 1 մլրդ 200 մլն դոլար, սակայն Պենտագոնի ղեկավարությունն աննպատակահարմար է համարել շարունակել հետագա աշխատանքներն ու ֆինանսավորումը: Կապալառու է դարձել Boeing ընկերությունը, կատարողը՝ Raytheon ընկերությունը: Երկու ընկերությունները մամուլի հաղորդագրություններ են տարածել, որոնցում աջակցել են Պենտագոնի որոշմանը: Պայմանագրի խզման պատճառն այն է, որ ծրագրի տեխնիկական խնդիրներն այնքան զգալի են եղել, որ դրանք կամ անհաղթահարելի են, կամ դրանց վերացման գինը չափազանց բարձր է:

Որոշ փորձագետների կարծիքով՝ որոշումը, հավանաբար, կապված է նորագույն տեխնոլոգիաների զարգացման հետ: Գործոններից կարող էին լինել նաեւ Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային հրթիռների հաջող արձակումները, որոնց ամենախոշոր տարբերակները, ըստ հաղորդագրությունների, կարող են հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքներ:

Պենտագոնն այժմ ունի միջմայրցամաքային 44 որսիչ հրթիռ, որոնք տեղակայված են Ալյասկայում: Դրանցից յուրաքանչյուրը նախատեսված է ստորգետնյա հանքից արձակման համար, հակահրթիռը ապա արագ դուրս է գալիս մթնոլորտի սահմաններից, ուղղվում դեպի իր թիրախ եւ ոչնչացնում այն բախման ուժով: Այդ որսիչները փորձարկվել են զորավարժությունների ժամանակ, սակայն երբեք չեն օգտագործվել իրական պայմաններում:

ՊՆ հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ այժմ առաջնահերթություն է հաջորդ սերնդի որսիչների մշակումը: Պահանջների թվում են՝ ոչ միայն որսիչի, այլ նաեւ հենց հրթիռակրի լավացված բնութագրերը: Նման բարձր պահանջները, հավանաբար, արտացոլում են Պենտագոնի՝ ունիվերսալ որսիչ ստանալու ձգտումը: Այդ նոր սպառնալիքների պոտենցիալ ցուցակում են հիպերձայնային հրթիռները, որոնք մշակվում են Չինաստանում եւ Ռուսաստանում:

Կոնգրեսը Պենտագոնին թույլատրել է մեծացնել միջմայրացամաքային որսիչ հրթիռների քանակը 20 միավորով՝ 44-ից հասցնելով 64-ի: Հավելյալ 20 միավոր պետք է սպառազինության մեջ դրվի 2023թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել