Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին
Արցախում զորամասի զինծառայողներից մեկը չի ցանկացել հիվանդանոցից վերադառնալ ծառայության և ածելիով անդամախեղում է կատարել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Զինվորական հոսպիտալում ստացիոնար բուժում ստանալու ընթացքում զինծառայողը տեղեկացել է, որ հոսպիտալից դուրս գրվելուց հետո պետք է վերադառնա ծառայության:
Ըստ մեղադրանքի՝ ծառայության վերադառնալու լուրը լսելուց հետո զինծառայողը հիվանդանոցի լվացարանում կատարել է անդամախեղում, որը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Գործն ուղարկվել է դատարան և ընդունվել վարույթ: