News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Այն, որ Հայաստանը պետք է ունենա ուժեղ ռազմաարդյունաբերական համալիր, բխում է այն անվտանգային միջավայրից, որում մենք գտնվում ենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, Ռազմարդյունաբերողների միության անդամների եւ ռազմարդյունաբերկական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ Հայաստանի տնտեսության համար եւ Հայաստանի միջազգային տնտեսական կարգավիճակի համար շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել՝ վարկանիշային Moody’s կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը եւ հիմնավորումների մեջ կա մի կետ, որը շատ հստակ ներդաշնակվում է մեր այսօրվա հանդիպմանը։

Այդ վարկանիշի բարձրացման հիմնավորումներից կարեւորագույնն այն է, որ ՀՀ կառավարությունը վերցրել է Հայաստանի տնտեսության գիտելիքահեն ճյուղերի զարգացման մարտավարություն եւ քաղաքականություն, եւ դա իրոք այդպես է։ Ես բազմիցս եմ ասել, որ Հայաստանի տնտեսության մեր տեսլականը հետեւյալն է, որ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր եւ արդյունաբերության ու տնտեսության մեջ մենք առաջնային դերակատարում ենք տալիս ռազմաարդյունաբերական համալիրին՝ պայմանով, որ ռազմաարդյունաբերական համալիրը պետք է ամեն օրվա, ամեն շաբաթվա եւ ամեն ամսվա ու տարվա հետ լինի տեխնոլոգիական, համապատասխանի ժամանակակից տեխնոլոգիական չափանիշներին կամ առնվազն շարժվի այդ ուղղությամբ»,– նշեց նա։  

Վարչապետը մասնավորեցրեց, թե ինչու է մեզ պետք ուժեղ ռազմաարդյունաբերական համալիր.

«Ռազմարադյունաբերական համալիրը մեզ համար ունի մի քանի կարեւոր առանցքային նշանակություն.

1-ը՝ Այն, որ մեր երկիրը պետք է ունենա ուժեղ ռազմաարդյունաբերական համալիր, բխում է այն անվտանգային միջավայրից, որում մենք գտնվում ենք։

2-րդը՝ Հայաստանի տնտեսական զարգացումն է, Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումը, եւ Հայաստանը բարձր որակավորում ունեցող աշխատուժի երկիր դարձնելու տեսլականը։ Իսկ ռազմաարդյունաբերական համալիրը մի ոլորտ է, որտեղ բանվորից սկսած ենթադրում է որակավորում։ Մեզ համար արտահանման ռազմավարությունը նույնպես շատ կարեւոր է, եւ մեր ռազմավարական կուրսը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա։

Այս խնդիրների լուծման համար է, որ մենք կառավարությունում ստեղծել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն»։

Նա նաեւ շեշտեց, որ պետք է ռազմաարդյունաբերական համալիրի համար ապահովել ներքին շուկա. «Պետք է կարողանանք ապահովել պետական պատվերներ, որ համալիրը կարողանա ապրել, ոտքի կանգնել, զարգանալ եւ մրցունակ արտադրանք տալ։

Այս ոլորտում ամեն ինչ չի, որ հարթ է գնացել։ Ես նկատի ունեմ պետական պատվերի ոլորտը, մենք այստեղ քաղաքական նպատակադրումը ձեւակերպելով, պետք է խնդիրը խորությամբ հասկանանք, որովհետեւ ասելով որ համալիրի համար պետք է պետական պատվեր ապահովենք, նպատակը աջակցելն է, որ համալիրը մրցունակ դառնա միջազգային շուկայում։

Մեր նպատակադրումն է, որ ոչ թե ռազմաարդյունաբերական համալիրը գոյատեւի պետական պատվերի նեղ , յոլա գնալու տրամաբանության մեջ, այլ պետական պատվերը պետք է օգնի, որ համալիրը զարգանա եւ մրցունակ լինի արտաքին եւ ներքին շուկայում։ Ուզում եմ շեշտել ներքին շուկան, քանի որ եթե պարզվում է, որ մենք մույն ապրանքը կարող ենք ներկրել շատ ավելի էժան, մենք շատ բարդ ընտրության առաջ ենք կանգնում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ