News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Իսրայելը ներկայում դիտարկում է Իրանին միակողմանի հարվածելու հնարավորությունը, գրում է New York Times-ը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի տարբերություն իր նախորդներ Ջորջ Բուշի եւ Բարաք Օբամայի, ավելի քիչ հավանականությամբ կարող է խափանել նրա ջանքերը։

The Times-ի հետաքննությունը, որը ներառում է ամերիկյան, իսրայելական եւ եվրոպական ներկա եւ նախկին պաշտոնյաների հետ հարցազրույցներ, հետեւում է Իրանի հանդեպ ԱՄՆ-ի եւ Իսրայելի քաղաքականությանը։ Դրանում մանրամասն պատմվում է, թե որքանով է Իսրայելը 2012թ․ մոտ եղել Իրանի վրա հարձակմանը, ինչպես է Օբամայի վարչակազմը մշակել արտակարգ պայմաններում գործողությունների պլանը, եւ ինչպես է ԱՄՆ-ը վերահսկել Իսրայելին, երբ վերջինս լրտեսում էր Իրանին։

The Times-ը զրուցել է նաեւ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ով խոստովանել է այն հնարավորությունը, որ Թրամփը կարող է փորձել պայմանավորվել Իրանի հետ՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ։

Հոդվածում նշվում է, որ Պենտագոնը կառուցել է ուրանի հարստացման գործարանի ճիշտ նմանակը եւ պայթեցրել է այն հակաբունկերային ավիացիոն ռումբի միջոցով։ ԱՄՆ-ը Իսրայելին ցույց է տվել փորձարկման տեսանյութը։

Հետաքննության համաձայն, ամերիկյան արբանյակ-լրտեսները դիտարկել են, թե ինչպես են իսրայելական անօդաչուները թռիչք կատարում ադրբեջանական բազաներից Իրանի տարածք, որպեսզի լրտեսեն իրանական միջուկային օբյեկտները եւ փորձարկեն իրանական հակաօդային պաշտպանությունը։

Թերթի համաձայն, 2010թ․ նոյեմբերին Նեթանյահուն եւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հանդիպել են Մոսադի շտաբում, որպեսզի Իսրայելի պաշտպանական հաստատության ղեկավարների հետ քննարկեն Իրանը գրոհելու պլանը։

Բարաքի խոսքերով, զրույցն արագ վերաճել է վեճի, երբ գեներալ-լեյտենանտ Գաբի Աշկենազին ասել է, որ չնայած Իսրայելի հաջողություններին, պաշտպանական ուժերը դեռեւս չեն անցել գործողությունների շեմը, գրում է Times-ը։

Հեղինակները նաեւ հայտնում են, որ Օբամայի վարչակազմը մի քանի շաբաթը մեկ բարձրաստիճան պաշտոնյաներ էր ուղարկում Իսրայել, որպեսզի հետեւի, որ Իսրայելը միակողմանի հարված չհասցնի։

Նեթանյահուն պնդում է, որ իսրայելական հարվածի սպառնալիքը «բլեֆ չէր, այն իրական էր»։ Եվ միայն այն պատճառով, որ իրական էր, ամերիկացիներն իրոք անհանգստացան դրա համար։ Այն անդունդի ծայրից նահանջեց միայն այն պատճառով, որ նա չկարողացավ իր կաբինետի անդամների մեծամասնությանը ստիպել սատարել իրեն։ «Եթե ես մեծամասնություն ունենայի, ես միանշանակ կանեի դա»,- ասել է Նեթանյահուն։

Հոկտեմբերին հարվածը չեղարկվել է։ «Մի բան է միայնակ հարվածներ հասցնելը,- ասել է Բարաքը,- բոլորովին մեկ այլ բան հակամարտության մեջ Միացյալ Նահանգներին ներքաշելը, որը չի ուզում դրա մասը լինել»։

«Ես կարծում եմ՝ շատ ավելի հավանական է, որ Թրամփը կանաչ լույս կտա Նեթանյահուին՝ Իրանը գրոհելու համար, քան ինքը հարված կհասցնի»,- Times-ին ասել է ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Շապիրոն՝ հավելելով․ «Սակայն դա մեծ ռիսկ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել