News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով Տալլինում գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Էստոնիայի մշակույթի նախարար Տյոնիս Լուկասին (Tõnis Lukas):

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով նախարար Լուկասին նշանակման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ դեսպանության գործունեությունը մշակութային դիվանագիտության ուղղությամբ, ընթացիկ եւ ապագա ծրագրերն ու նախաձեռնությունները՝ հույս հայտնելով, որ ՀՀ դեսպանության եւ Էստոնիայի մշակույթի նախարարության միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունն առաջիկայում եւս կշարունակվի:

Էստոնիայի մշակույթի նախարար Տյոնիս Լուկասը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքի համար, նշեց, որ բարձր է գնահատում դեսպանության գործունեությունը՝ ուղղված Էստոնիայում հայկական հարուստ մշակույթի ներկայացմանը եւ հայ ու էստոնացի ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Նախարարը նաեւ հավելեց, որ իր ղեկավարած գերատեսչությունն այսուհետ նույնպես կաջակցի եւ կհամահեղինակի ՀՀ դեսպանության նախաձեռնությունները:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ հայ հռչակավոր կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներին զուգահեռ դեսպանությունը նախատեսում է հրատարակել հայ մեծանուն գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուի էստոներեն թարգմանությունը (վերջինիս 150-ամյակը ՅՈւՆԵՍԿՕ-ն նույնպես ներառել է նշանավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների ցանկում):

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, անդրադարձան երկու երկրներում թանգարանային ցուցադրությունների կազմակերպմանը եւ տարաբնույթ համատեղ այլ միջոցառումների անցկացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ