News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանին այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի իր նիստում որոշում կայացրեց ավելացնել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստատվեց նոր հաստիքացուցակը:

Հարցը ներկայացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ նշելով. «Հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը եւ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն Երեւան քաղաքի ամբողջ վարչական տարածքում ընդհանրապես չեն կատարում ծառայությունների մատուցման իրենց պայմանագրային պարտավորությունները, Երեւան քաղաքի տասներկու վարչական շրջաններում աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայություններն իրականացվելու են Հիմնարկի միջոցով:

Նկատի ունենալով, որ Հիմնարկի կողմից ծառայությունների իրականացման ծավալն ընդգրկում է Երեւան քաղաքի ամբողջ վարչական տարածքը, ինչպես նաեւ` մայրաքաղաքում ձմռան ամիսներին ձյան մաքրման, փողոցների մշակման եւ ձյան տեղափոխման աշխատանքների իրականացման հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել Երեւանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու նպատակով ընդունել ներկայացված որոշման նախագիծը:

Նախագծով առաջարկվում է մեծացնել հիմնարկի հաստիքացուցակը, այդ թվում բանվորներ, հավաքարարներ, վարորդներ, որոնք կապահովեն ողջ տեխնիկայի աշխատանքի ծավալի շահագործումը: Ընդհանուր հաստիքացուցակը կազմում է 647 միավոր, իսկ ամսական բյուջեն՝ շուրջ 161 մլն դրամ»:

Փոխքաղաքապետը նշեց, որ ընդհանուր առմամբ Երեւանի բյուջեով ոլորտին տրվող միջոցները չեն գերազանցելու այն գումարները, որը նախորդ տարիների բյուջեով նախատեսվում էր «Սանիթեք»-ին վճարելու համար: Դրա առավելագույն չափը շուրջ 5,2 մլրդ դրամ է: «Մենք նույն գումարի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել անգամներով ավելի լավ ծառայություն»:

Հարցին, թե արդյոք հիմնարկի 150 հավաքարարները կկարողանան մաքրել ողջ Երեւանը, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ 150 հավաքարարները հիմնականում իրականացնելու են բակային տարածքների մաքրում, ինչը «Սանիթեքի» դեպքում երբեք տեղի չի ունեցել. «Իսկ փողոցների մարքումը կկատարվի փոշեկուլ մեքենաներով, որոնց աշխատանքի արդյունավետությունը 15 անգամ գերազանցում է հավաքարարի աշխատանքի արագությանը»,-ասաց նա:

Հայկ Սարգսյանը հավելեց, որ «Սանիթեքի» հետ որեւէ համագործակցություն այս պահին չկա, բանակցությունները դադարեցված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ