News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ Երկրագնդի պատմության մեջ եղել է ոչ թե հինգ զանգվածային բնաջնջում, ինչպես գիտնականները կարծում էին նախկինում, այլ վեց: Տեսակների եւս մեկ գլոբալ անհետացում է տեղի ունեցել Պերմի ժամանակաշրջանի կեսին՝ 260 մլն տարի առաջ, հայտնում է Historical Biology-ն:

Հնէաբանները նախկինում առանձնացնում էին 5 իրադարձություն, որոնց ընթացքում Երկրի երեսից անհետացել են ահռելի քանակությամբ տեսակներ: Դրանք են՝ օրդովիկյան (443 մլն տարի առաջ), դեւոնյան (372 մլն տարի առաջ), պերմյան կամ մեծ զանգվածային բնաջնջում (252 մլն տարի առաջ), տրիասյան (201 մլն տարի առաջ) եւ կավճի պալեոգենային (66 մլն տարի առաջ):

Մեծ թվով բնապահպաններ մարդու գործունեության հետեւանքով հիմա տեղի ունեցող տեսակների զանգվածային անհետացումն անվանում են վեցերորդ բնաջնջում: Սակայն, ըստ ԱՄՆ-ից եւ Չինաստանից հնէաբանների հետազոտության, այս սահմանումը, հնարավոր է, սխալ է:

Նոր հետազոտության հեղինակները պարզել են, որ Պերմի ժամանակաշրջանում եղել է տեսակների եւս մեկ զանգվածային բնաջնջում: Դա տեղի է ունեցել մոտ 260 մլն տարի առաջ: Գիտնականները բնաջնջումն անվանել են գվադելուպյան՝ ի պատիվ Գվադելուպյան դարաշրջանի՝ Պերմի ժամանակաշրջանի ժամանակային կտրվածք, երբ այս իրադարձությունը տեղի է ունեցել:

Եվս մեկ զանգվածային բնաջնջման պատճառը Էմեյշան հրաբխային զանգվածի ժայթքումն էր, որն այժմ տեղակայված է հարավային Չինաստանում: Հետազոտության հեղինակների խոսքով՝ արդյունքում մթնոլորտում հայտնվել են մեծ քանակության ջերմոցային գազեր, մասնավորապես՝ CO2 եւ մեթան: Սա առաջացրել է մոլորակի ջերմաստիճանի բարձրացում, օվկիանոսներում թթվածնի քանակությունը նվազել է, արդյունքում ոչնչացել են ահռելի քանակությամբ ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային օրգանիզմներ:

Անհետացած տեսակների թվով գվադելուպյան բնաջնջումը երրորդ տեղում է պերմի եւ օրդովիկյան զանգվածային բնաջնջումից հետ: Հետազոտության հեղինակները նշում են, որ իրադարձության չափերը թույլ են տալիս այն դասել զանգվածային բնաջնջումների շարքին:

Այսպիսով, հիմա կարելի է համարել, որ Երկրի պատմության մեջ եղել է 6 զանգվածային բնաջնջում: Իսկ տեսակների այն անհետացումը, որը տեղի է ունենում հիմա, պետք է անվանել ոչ թե վեցերորդ, այլ արդեն յոթերորդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ