News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որը Forbes-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը, հարցազրույց է տվել Forbes Life-ին, որում պատմել է, թե ինչպես է անցնում իր առօրյան, պատմել է իր համախոհների, Մոսկվայի կյանքի, ոչխարի պանրի եւ թթվաշ կոմպոտի հանդեպ իր սիրո մասին: 

Գործարարը պատմել է, որ սովորաբար արթնանում է առավոտյան ժամը 7-ին, երբեմն՝ 7 անց կես:

«Ոչ մի անքուն գիշեր, այդ առումով բախտս բերել է»,- նշել է նա: 

Գործարարի խոսքով՝ Մոսկվայում իր կյանքը խիստ տարբերվում է արտերկրում իր կյանքից:  

«Առաջիկա 16 օրերը կանցկացնեմ 6 այլ երկրներում: Այնտեղ գրաֆիկը եւս տարբեր կլինի, ամեն ինչ տարբեր կլինի: Եվ այդպիսով իմ օրը բավականին ձանձրալի է, ես սուպերհերոս չեմ»,- պատմել է Ռուբեն Վարդանյանը: 

Նա նշել է, որ վերջին շրջանում չի հասցնում նախաճաշել, սակայն պարտադիր ամեն առավոտ կես լիտր ջուր է խմում: 

«Իհարկե, Հայաստանում ջուրն ավելի լավն է, սակայն Մոսկվայում էլ ցանկության դեպքում կարելի է լավ ջուր գտնել»,- պարբերականի հետ զրույցում ասել է գործարարը:

Ռուբեն Վարդանյանը պատմել է, որ այդ ամենից արդեն կես ժամ անց աշխատանքի վայրում է լինում:

«Մոսկվայում իմ տեղաշարժը նվազագույնի եմ հասցրել: Փորձում եմ ոտքով քայլել եւ նույնիսկ երթեւեկում եմ մետրոյով, այդ առումով մեծ «առավելություն» ունեմ»,- պատմել է գործարարը: 

Նա նաեւ ասել է, որ իր հայրը, որը ճարտարապետ էր եւ բավականին իմաստուն մարդ, իրեն խորհուրդ է տվել անկախ նրանից, թե դա որ քաղաքում կլինի, բնակվել գլխավոր թատրոնի մոտակայքում, ուր հասնելու համար 10 կամ 15 րոպե կպահանջվի:  

«Այդ չափանիշով էլ ինձ համար սահմանափակվում է քաղաքի կենտրոնը: Մեր տնից մինչեւ Մեծ թատրոն եւ կոնսերվատորիա 10 րոպե է»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:  

«Իմ կյանքն իրականում նույնիսկ աշխատանքն էլ չէ, այլ՝ շփում, շփում, շփում: Ես ուղղակի անհագուրդ քաղց ունեմ գաղափարների, նախագծերի, հետաքրքիր մարդկանց նկատմամբ: Բացի այդ, իմ կյանքում իրականում ոչինչ չկա: Ես կարող եմ հանգիստ տարբեր երաժշտություն լսել, կարող եմ եւ չլսել, տարբեր միջոցառումների հաճախել, կարող եմ եւ չհաճախել»,- խոստովանել է գործարարը:

Նա պատմել է, որ վաղը միանգամից 15 հանդիպում ունի:

«Իմ գրաֆիկն այնքանով է հաճելի, որ այն բազմազան է՝ ամեն ինչից մի քիչ, մի քիչ. եւ՛ դեսպան, եւ՛ գրող, եւ՛ «Ավրորա», եւ՛ քրաուդֆանդինգ, եւ՛ նկարահանումներ, եւ՛ աշխատակիցների հետ հանդիպումներ: Դա իմ կյանքի ամենամեծ առավելություններից է, իմ կյանքում կրկնվող ոչինչ չկա»,- կիսվել է գործարարը:    

Գործարարի խոսքով՝ ինքը հաճախ մոռանում է ճաշել եւ ընդհանրապես իր մասին հիշում է վերջին պահին: 

Իսկ համախոհներ գտնելու պրոցեսը Ռուբեն Վարդանյանը համեմատել է մոգության հետ: 

«Հնարավոր է, որ իրենք են ինձ գտում, կամ էլ, ինչ-որ մոգություն կա: Ինչ-որ բաներ ես խոսում, եւ հանկարծ՝ ինչ-որ մեկը քեզ պատասխանում է, եւ դու հասկանում ես, որ դա այն մարդն է, ում դու փնտրում էիր»,- ասել է գործարարը: 

Նրա խոսքով՝ հաջողության համար պետք է անընդհատ սովորել, աճել, կարդալ, զարգանալ: 

Ռուբեն Վարդանյանը խոստովանել է, որ իրերի հետ կապվածություն չունի: 

«26 տարի օգտագործում եմ նույն մակնիշի մեքենա՝ Audi: Սիրում եմ ոչխարի պանիր, Կոկա-կոլա, սակայն ապակյա շշով: Սիրում եմ քաղցր-թթվաշ սալորի կոմպոտ»,- նշել է նա: 

Ռուբեն Վարդանյանի կարծիքով՝ հարուստ մարդու համար ապրելն ավելի դժվար է դարձել:

«Բացի այն, որ հարկավոր է տուն կառուցել, ծառ տնկել եւ որդի ունենալ, հարկավոր է նաեւ ծրագրեր կազմել, որպեսզի տունը չքանդվի, ծառը չչորանա, իսկ տանը վեճ չլինի»,- նշել է գործարարը: 

Գործարարի խոսքով՝ կյանքի գլխավոր հարցը երջանկությունը չէ:

«Մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, որ կատարելագործմանը սահման չկա, եւ առջեւում դեռ ահռելի ճանապարհ կա անցնելու, որի ընթացքում դու մշտապես գոհ չես լինի քեզնից: Ինչպես ասում է ճապոնական հին ասացվածքը՝ դու պետք է ապրես այնպես, որ պատրաստ լինես վաղը մեռնելուն, եւ սովորես այնպես, որ պատրաստ լինես հավերժ ապրելուն»,- եզրափակել է Ռուբեն Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ