News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կյանքից հեռացել է կանադահայ անվանի քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, մտավորական Արտո Չաքմաքչյանը (իրայան անունը՝ Հարություն):

Քանդակագործը ծնվել է 1933 թ., Կահիրեում (Եգիպտոս), քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկանից: 1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը: 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։ 1964 թ. Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանն արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար։ 1975 թ. Հայաստանից մեկնել է Կանադա ՝ ընտանիքով հաստատվելով Մոնրեալում: 1978 թ.-ից սկսած՝ քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդում Քվեբեքի համալսարանում։ Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:

1960- ական թթ. Արտո Չաքմաքչյանն առաջիններից էր, որ դիմել է քանդակաձևերի արդիականացմանը և էքսպրեսիվ կերպավորմանը (Մոր, Կոստան Զարյանի (երկուսն էլ՝ բրոնզ), Առնո Բաբաջանյանի (երանգավորված գիպս, երեքն էլ՝ 1965, ԺԱԹ), Կոմիտասի (1969, բրոնզ, ՀԱՊ) դիմաքանդակները, «Ազատություն» (1973, հրակավ) հորինվածքը)։

Դեկորատիվ-կիրառական քանդակներից են՝ «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» (երկուսն էլ՝ 1959, ջնարակ), որոնք աչքի են ընկնում ազգային քանդակաձևերի յուրօրինակ մեկնաբանմամբ։

1970-ական թթ-ից Արտո Չաքմաքչյանի արվեստում ի հայտ են եկել վերացական ձևերով ընդհանրացված խորհրդանշական գործեր («Երկու ծավալ», «Նստած մարմին», «Ծավալ № 1», երեքն էլ՝ 1975, գիպս, «Ուղերձ», «Անառակ որդին», երկուսն էլ՝ 1990, բրոնզ) և գրաֆիկական շարքեր («Սևը և ճերմակը», 1976, և այլն)։

Նա համբավի է արժանացել «Կոմիտաս» (1983, բրոնզ, Դետրոյտ) և «Ապրիլյան հուշակոթող» (1984, բրոնզ, Տորոնտո) մոնումենտալ հուշարձաններով։

1960-ից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների։ 2010 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը։

Տպել
Ամենաշատ