News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի Իսակովի պողոտայի 3 հասցեի հարակից տարածքում գտնվող հացի խանութը ապօրինի շինություն է եւ ենթակա է ապամոնտաժման, սակայն ապամոնտաժմանը դեմ են հաճախորդները, խանութի սեփականատերն ու հարակից տարածքների բնակիչները։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները Իսակովի պողոտայում իրականացնելու էին ապամոնտաժման աշխատանքներ, սակայն բնակիչները մտել էին հացի խանութ, եւ չէին պատրաստվում դուրս գալ։

Բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց տարածքում չկա մթերային խանութ, եւ իրենք չեն պատրաստվում իրենց տների հարակից տարածքում գտնվող միակ խանութից հրաժարվել. «Մենք շատ գոհ կլինենք, որ այս խանութը վերանորոգվի եւ աշխատի, որովհետեւ ամբողջ տարածքում մի խանութ չկա։ Մոտ է, երեխուն հանգիստ ուղարկում ենք, եթե այս խանութը չլինի, ես մի բուլկու համար պիտի գնամ հասնեմ պրոսպեկտ։ Չենք թողնելու, որ քանդեն, այ այսպես բոլորս կկանգնենք շենքում, դուրս չենք գա, թող քանդեն, մնանք տակը»։

Խանութի աշխատակից Ազնիվ Սեդրակյանը նույնպես դժգոհեց. «Սա սովորական հացի խանութ է, ոչ կազինո է, ոչ դիսկոտեկ։ Սովորական հացի խանութ քանդե՞ն։ Էս ժողովրդի վրա էս էլ ա շա՞տ։ Էս ամբողջ տարածքում մի հատ նորմալ հացի խանութ չկա։ Որ այս խանութը չի լինում մարդիկ գնում են 6-7 հատով հաց են առնում, որ գոնե մի քանի օր չգնան հասնեն չգիտեմ ուր»։

Խանութի մշտական հաճախորդ Կարինե Շոպովան ասաց, որ այդ խանութի տարածքը նախկինում եղել է աղբավայր.

«Մեզ կանչում են, ասում են՝ եկեք Հայաստան, եկանք ու լավ բան չենք տեսնում։ Մարդը սիրուն մաքրել է, սա խոզանոց էր։ Մաքուր սարքել է, թողեք աշխատի։ Ես փոքր հացի խանութով մի քանի աշխատող իրենց տունն են պահում։ Պետությունը չի անում, թողեք՝ անհատն անի։ Եթե տարածքն անօրինական է, ապա թող պետությունը օրինականացնի։ Քանդենք, այո, քանդելը հեշտ է, մի րոպեի գործ է, սարքելն է դժվար։ Պետք է հաշվի առնեն՝ օգո՞ւտ է դա ժողովրդին, թե՞ վնաս։ Եթե օգուտ է, ինչո՞ւ են քանդում, դա՞ է ժողովրդավարությունը։ Ժողովուրդն էլ ինչ է ուզում, մի հատ սովորական հացի խանութ։ Պրոսպեկտի անցումն էլ են քանդել, հիմա դարձել է արտաքնոց, ինչի՞ քանդեցիք, մարդիկ աշխատում էին։ 16 տարի դրսերն ենք եղել, ընդեղ ցույցեր ենք գնացել, Նիկոլ ենք գոռացել, թողել ենք մեր բիզնեսը, եկել ենք Հայաստան, ի՞նչ ենք տեսնում»։

Խանութի սեփականատեր Ավետիս Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ շինությունը 2004 թվականից գործում է, ու այդ թվականից սկսած՝ եղել է ապօրինի. «Այն, ինչ ունեցել ենք, էլ ի վիճակի չէր գոյատեւելու ես էլ նորոգեցի, հիմա էլ ներքին հարդարանքներն էի անում։ Եկավ ծանուցում, որ ապօրինի շինություն է, ես էլ դատարան եմ դիմել։ Դատարանը վարույթ է ընդունել։ Հիմա իմ պահանջն է, որ այս շինությունը սեփականացնեն, ոչ թե քանդեն։ Ես կողմ եմ օրինականությանը, եւ պատրաստ եմ ցանկացած օրինական ճանապարհով հարցի լուծման»։

Խանութի սեփականատիրոջ շահերը պաշտպանող Լուսինե Ավագյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա գտնվող կառույցները եւս կարող են օրինականացվել. «Եթե նույնիսկ մենք ստանանք եզրակացություն, որ մերժում են ինքնակամ կառույցի օրինականացումը, որովհետեւ ընկած է 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ, դա դեռ չի նշանակում, որ մենք դա հալած յուղի տեղ ընդունելու ենք, որ իրականում ընկած է 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ»։

Երեւանի աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանն էլ ասաց, որ այդ տարածքում իրականացված ինքնակամ շինարարության վերաբերյալ դեռեւս սեպտեմբերի 20-ին կազմվել էր արձանագրություն։ Եվ քաղաքապետարանի ճարտարապետների եզրակացութունով այդ շինությունը սեփականաշնորհելն անթույլատրելի է, քանի որ գտնվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 60-րդ հոդվածում.

«Իրավախախտում կատարած անձի կողմի փաստաբանի կողմից ներկայացվել է դատարանի համապատասխան որոշում, որով հայցի ապահովման միջոց է կիրառված ապամոնտաժման հետ կապված։ Ներկայումս Երեւանի քաղաքապետարանը կմնա ձեռնպահ որեւէ գործողություն անելուց»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ