News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում ընթանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ararat Challenge շարժումը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակում բազմաթիվ անվանումներով տաղավարներ են տեղադրված: «Պատրաստված է ստվարաթղթից» տաղավարում երեխաները տարբեր իրեր են պատրաստում, կան նաեւ «Շախմատ», «Խաղահրապարակ», «Բլոգերների դպրոց», «Մասնագիտական կողմնորոշում», «Էկո» «Գորգագործություն», «Աշխատարաններ» եւ այլ անվանումներով տաղավարներներ: Բացի այդ, Ազատության հրապարակում մեծ բեմ է տեղադրված, որտեղից ելույթներ են ունենում, նաեւ համերգ է:

Նշենք, որ այս նախաձեռնությամբ, նախաձեռնությունը համայն մարդկությանը հրավիրում է միանալու այդ շարժմանը եւ նվիրաբերելու որևէ գումար, թեկուզև ամիսը 1 ԱՄՆ դոլար, ապրելու նոր՝ երկրորդ հնարավորություն տալով խոցելի եւ չքավորության մեջ գտնվող մարդկանց:

Դրամահավաքն ուղղվելու է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերին, որոնց ուղղակի շահառուները հենց կարիքի մեջ գտնվողներն են:

Տեսաուղերձով ուղեկցվող #AraratChallenge շարժումը կընդլայնի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը, որի նախագծերն ուղղված են աղքատության կրճատմանը, առողջապահության բարելավմանը և կարիքավորներին կրթությամբ ապահովելուն։ Նվիրատվության այս կոչը բոլորին բացառիկ հնարավորություն է ընձեռում միանալու «Ավրորայի» առաքելությանը և խրախուսելու մարդասերների առաջիկա սերունդներին:

Շարժման հիմքում Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպես ժամանակին Ցեղասպանությունը վերապրած 100.000 հայ որբ երեխաներ հնարավորություն ստացան նոր կյանք սկսելու, այդպես #AraratChallenge-ն է բացառիկ հնարավորություն ընձեռում յուրաքանչյուրին՝ միանալու այս շարժմանը եւ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը:

Նշենք, որ այս տարի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման ամենամյա չորրորդ արարողությունը կանցկացվի Երեւանում հոկտեմբերի 19-ին: Այն բաղկացած կլինի երկու մասից՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն եւ նշանավոր Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգ՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակի շնորհման արարողության ժամանակ մեծարվում են մերօրյա հերոսները, որոնք բացառիկ ազդեցություն են ունեցել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքը փրկելու եւ մարդասիրական գաղափարներն առաջ մղելու գործում: 2019թ. «Ավրորայի» հերոսներից մեկն էլ այդ երեկոյի ընթացքում կդառնա մրցանակի դափնեկիր`  1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւի միջոցով շարունակելով մարդասիրության շղթան եւ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Այս տարի միջոցառումը կանցկացվի նոր ձեւաչափով. 2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման բուն արարողությունից բացի, կլինի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ