News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Ես աշխատանքի եմ անցել այն աշխատավարձով, որով աշխատել եմ նախկինում թե որպես փոխնախարար, թե որպես նախարար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով վարչապետի կողմից նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու խնդրին:

«Այդ առումով որեւէ ակնկալիք չեմ ունեցել, բայց դա եղել է հանձնարարական»,-ասաց նա՝ հավելելով, որ դրա վերաբերյալ վարչապետը այսօր ԱԺ-ում պարզաբանումներ կներկայացնի:

Նախարարը նաեւ հավելեց, որ նախարարությունում պարգեւատրումները իրականացվել են նախարարի հրամաններով եւ դրանք հասանելի են, գաղտնի չեն:

Դիտարկմանը, որ ամեն ամիս պարգեւատրումներ տալը արդյոք չի դառնում աշխատավարձ, Բաթոյանը համաձայնեց՝ նշելով. «Այո, դառնում է աշխատավարձ, բայց դա ժամանակավոր մեթոդներից մեկն է, որպեսզի հետագայում դա ավելի համակարգային լուծում ստանա: Պարգեւատրումները միշտ եղել են եւ բոլոր ոլորտներին է սա վերաբերում: Որոշ դեպքերում նախարարը կարող է իր հրամանով իրականացնել, ինչպես մենք ենք իրականացրել, իսկ նախարարների դեպքում վարչապետն է որոշում»,-ասաց Բաթոյանը՝ հավելելով, որ 1,5 մլն դրամ աշխատավարձ սկսել է ստանալ ապրիլից:

Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք ազնի՞վ է ՀՀ հպարտ քաղաքացու նկատմամբ այդպես վարվելը, նշելով, որ այդ բոլոր հարցերին կպատասխանի վարչապետը:

«Սա ընդամենը գործընթաց է, զուտ ընթացակարգային խնդիր է, որ գաղտնի գրությամբ է հանձնարարականն իրականացվել: Բայց եթե խոսում ենք աշխատավարձերի մասին, սա այլ խնդիր է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ խոսքը որակյալ կադրեր ներգրավելու մասին է, եւ այդ խնդիրը հիմա էլ մնում է:

Հարցին, թե առա՞ջ է՝ր ավելի լավ աշխատում, թե՞ հիմա, երբ արդեն 1,5 մլն դրամ աշխատավարձ է ստանում, Բաթոյանը պատասխանեց. «Դա նախարարներին չի վերաբերում այն իմաստով, որ գոնե այս թիմի, այս կառավարության դեպքում, որովհետեւ այս կառավարությանն այլ մղումներով, այլ սկզբունքներով է աշխատում: Որպեսզի նախարարն իր թիմում ներգրավի որակյալ կադրերի, պետք է ունենա այդ հնարավորությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ