News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գիտեք, մեր աշխարհը երկբեւեռ չէ, այն սեւ եւ սպիտակ չէ. մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է մեր անվտանգության ճարտարապետության ամբողջականության ապահովման համար գործընկերային հարաբերությունների ամրապնդման վրա։ Այս մասին BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում նշել է հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը շարունակելու է հարաբերություններ զարգացնել ԵՏՄ-ում, թե՞ ըստ էության, շարժվելու է դեպի արեւմուտք՝ ԵՄ եւ ՆԱՏՕ։

«Մենք համապարփակ, դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, որը մեր արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է, միասին աշխատում ենք ԵՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում։ Հավասարապես, Եվրամիությունն առանցքային կարեւորություն ունեցող գործընկեր է, Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգության մատակարարող։ Հավասարապես, Միացյալ նահանգները շատ կարեւոր գործընկեր են Հայաստանի համար»,-ասել է նա:

Հարցին, թե արդյոք դրանով Հայաստանը չի փորձում երկու ձի հեծնել, Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է. «Որեւէ հակասություն չկա: ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերություններ չի կառուցել այնպես, որ պնդի, որ մենք պետք է հարաբերություններ ունենանք միայն այս ուղղությամբ` առանց այլ ուղղությունների, քանի որ մեր արտաքին քաղաքականության ամենամեծ մարտահրավերը եւ շատ կարեւոր առաջնահերթությունը մի գործընկերոջ հետ հարաբերությունները մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին չկառուցելն է: Սա շատ բարդ գործողություն է, բայց սա այն է, ինչը պահանջում է մեր ազգային անվտանգությունը»:

Հարցազրուցավարը պնդել է, որ եթե Հայաստանը գերադասի հավատարիմ մնալ Պուտինի Ռուսաստանին, ԵՏՄ-ին, ապա հավանաբար կշարունակի հին ռեժիմների գործելակերպը Հայաստանում:

Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանը նշել է. «Կարծում եմ՝ նույն սխալն եք գործում. Դուք փորձում եք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեջ աշխարհաքաղաքականություն տեսնել: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, բացառապես հայկական հարց էր: Հեղափոխությունը արժեքների հեղափոխություն էր, հեղափոխությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին էր, իրավունքի գերակայության մասին էր: Սա այն է, ինչ վերաբերում է Հայաստանին, սա է այն, ինչ մեզ անհրաժեշտ էր մեր երկրի համար, սա այն է, թե ինչպես մենք արձագանքեցինք ժողովրդի մանդատին. մեր հեղափոխության մեջ չկա աշխարհաքաղաքականություն»:

Նրա խոսքով, Հայաստանի համար ԵՏՄ-ն 200 միլիոնանոց շուկա է, բայց դա չի արվում Եվրամիության հետ հարաբերությունների հաշվին: «Եվրամիության հետ մենք ունենք շատ կարեւոր հարաբերություններ, արժեքահեն հարաբերություններ: Մենք ունենք շատ կարեւոր իրավական հենք՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ, որն ունի շատ կարեւոր քաղաքական մաս, արդարադատության մաս, ոլորտային բարեփոխումների մաս»:

«Մենք չենք մնում Մոսկվայի կողքին, մենք չենք մնում Բրյուսելի կողքին, մենք չենք մնում Վաշինգտոնի կամ մեկ ուրիշի կողքին: Մենք միայն Երեւանում ենք, մենք աշխատում ենք միայն Հայաստանի շահերի համար, եւ դա պահանջում է շատ բարդ աշխատանք, սակայն այս ամենն անվտանգության համար է, Հայաստանի շահերի համար է: Մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով: Մենք բացարձակապես մերժում ենք, չենք ընդունում երկբեւեռ աշխարհը՝ այս կամ այն ձեւով: Մենք նաեւ չենք ընդունում հետեւյալը. մի՛ դատեք մեր ժողովրդավարությունը մեր աշխարհաքաղաքական որոշումներով, քանի որ մեր աշխարհաքաղաքական որոշումները շատ համալիր են, դրանք, գիտեք, շատ ամբողջական են, եւ ունենք մեր գործընկերների լիարժեք ըմբռնումը՝ լինի դա Ռուսաստանը, Եվրամիությունը կամ ԱՄՆ: Մեզ դա հաջողվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ