Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում բռնկված խոտի հրդեհը բաց տարածքում էր, որը չէր կարող վտանգավոր լինել հրշեջների կյանքի համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը։

Նա պատմեց, որ քամին կրակի բոցի օղակի մեջ է վերցրել հրշեջներին. «Քամին կրակի շուրջը համընթաց պտտվել է։ Խոտը շատ մեծ ուժգնությամբ է այրվել, եւ կրակն իր մեջ է վերցրել 2 փրկարարներին։ Կարճ ժամանակում այդ բոցը մեկին սպանել է, մյուսին՝ այրվածքներ հասցրել։ Բոլորն ապշած են, նման բան չէր կարող լինել»,- ասաց Էդմոն Զարգարյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարներից մեկը՝ 22–ամյա Սամվել Դեւելյանը, մահացել է, մյուսը՝ 27-ամյա Էդգար Գրիգորյանը, այրվածքներ է ստացել ստորին վերջույթների, ձեռքի դաստակների եւ գլխի շրջանում։ Էդգար Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։