News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 09
USD
477.97
EUR
528.87
RUB
7.49
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանությունը կանաչ լույս է վառել ԱՄՆ ֆինանսավորմամբ ՀՀ տարածքում գտնվող կենսալաբորատորիաները ՌԴ տեսչական վերահսկողությանը հանձնելու պահանջի առաջ եւ պատրաստվում է ՌԴ-ի հետ ստորագրել համապատասխան հուշագիր:

Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Սիրիա ՀՀ ԶՈՒ զորախումբ ուղարկելու, ՄԱԿ-ում ՌԴ օգտին քվեարկելու, ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի փաստաբանի դերում հանդես գալու, Արցախի հարցը Մոսկվայի հայեցակարգի համատեքստում պահելու տարօրինակ եւ անընդունելի քայլերի շարքը լրացնող այս գործողությունը շատ վտանգավոր եւ կորստաբեր մի ընթացք է ուրվագծում:

ՀՀ ինքնիշխանությունը ծրագրված կերպով Մոսկվային զիջելու գործընթացը, որ կասեցվեց Ապրիլյան պատերազմի հերոսական դիմադրությամբ, Սասնա Ծռերի ապստամբությամբ եւ 2018 թ. համաժողովրդական ընդվզմամբ, նորից միս ու արյուն է ստանում:

Դատապարտում ենք ըստ էության ազգային հեղափոխության մանդատ ստացած ՀՀ իշխանության հարմարվողական արտաքին քաղաքականությունը եւ կոչ ենք անում հրաժարվել գաղութատիրական համակարգին զիջումներ կատարելու միջոցով իրավիճակային լուծումներ որոնելու տրամաբանությունից:

Արդեն կատարված զիջումներն այնքան շատ են, որ մեզ հասցրել են սահմանային վիճակի, ուստի հետագա զիջումներն արդեն լինելու են պետականության հիմքերի հաշվին:

Մի պետության ֆինանսավորմամբ ՀՀ տարածքում իրականացվող գործունեության նկատմամբ մեկ այլ պետությանը տեսչական վերահսկողության հնարավորություն տալը կարող է հանգեցնել ՀՀ ինքնիշխանության եւ վարկի որակական անկման:

Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է սթափվել եւ, մասնավորապես՝ հրաժարվել ՀՀ եւ ՌԴ միջեւ այդ կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչություն սահմանող հուշագիրն ստորագրելու մտադրությունից»:

Տպել