News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի Զինված ուժերի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչները Սենատորների պալատի (խորհրդարանի վերին պալատ) երկրորդ փոխնախագահ Ժանին Անյեսին ճանաչել են պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար եւ իրենց աջակցությունն են հայտնել նրան։ Այս մասին ասվում է բոլիվիական ԶՈւ հրամանատար Ուիլյամս Քալիմանի հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Pagina Siete-ին։

«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները եւ օրենսդրական նորմերին համապատասխան՝ մենք գտնվում ենք ձեր տրամադրության տակ»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Անյեսը հայտարարել էր, որ ստանձնում է նախագահի պարտականությունների կատարումը, եւ խոստացել է որքան հնարավոր է արագ անցկացնել պետության ղեկավարի նոր ընտրություններ։ Մինչ այդ Բոլիվիայի Բազմազգ օրենսդրական ասամբլեայի (խորհրդարանի) Սենատորների պալատը չէր կարողանում քվորում ապահովել արտահերթ նիստ անցկացնելու համար, որը պետք է գումարվեր քաղաքական ճգնաժամը քննարկելու համար։ Նախկին նախագահ Էվո Մորալեսը, որն այժմ Մեքսիկա է անցել, որտեղ նրան քաղաքական ապաստան են տվել, դատապարտել է Անյեսի որոշումը՝ նշելով, որ այն ընդունվել է «համախոհների շրջապատում եւ զինված ուժերի ու ոստիկանության աջակցությամբ, որոնք ճնշում են ժողովրդին»։

Նոյեմբերի 10-ին Մորալեսը հայտարարել էր իր հրաժարականի մասին Բոլիվիայի նախագահի պաշտոնից՝ երկրում ստեղծված իրավիճակն անվանելով պետական հեղաշրջում։ Նրան մինչ այդ պաշտոնը թողնելու կոչ էին անում զինվորականները, ընդդիմությունը եւ արհմիությունները։ Հրաժարականի մասին հայտարարել է նաեւ փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան։

Բոլիվիայի նախագահի եւ փոխնախագահի հրաժարականի դեպքում, սահմանադրության համաձայն, երկիրը պետք է գլխավորի Սենատորների պալատի նախագահը։ Իսկ եթե պաշտոնից հեռանում է նաեւ նա, պետությունը ժամանակավորապես գլխավորում է Պատգամավորների պալատի նախագահը, բայց երկու պալատների նախագահներ Ադրիանա Սալվատիերան եւ Վիկտոր Բորդան նույնպես հրաժարական են տվել։ Իշխանության հանձնման հետագա կարգը սահմանված չէ բոլիվիական օրենքներում, բայց Անյեսն ասել է, որ կստանձնի պետության ղեկավարի պարտականությունները, քանի որ պետք է զբաղեցնի վերին պալատի նախագահի պաշտոնը Սալվատիերայի եւ նրա առաջին տեղակալի հրաժարականից հետո։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ