News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի փողոցներում, հատկապես փոքր կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, Գլխավոր պողոտայում եւ գրեթե ամեն քայլափոխի, հանդիպում ես ավտոմեքենաների կամ կցորդների, որոնցից վաճառվում է սնունդ, ըմպելիքներ, հուշանվերներ: Օրենսդրությամբ խնդիրը կարգավորված չէ, եւ այդ պատճառով էլ մշակվել եւ արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ:

Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ մշակված օրինագիծը նախատեսում է, որ քաղաքապետը շարժական կրպակներին կտրամադրի թույլտվություն, համայնքի ավագանին էլ կսահմանի՝ որտե՞ղ, ի՞նչ ձեւով եւ ի՞նչ ապրանքներ կվաճառվեն կամ ի՞նչ ծառայություններ կմատուցվեն: Կարեւոր շեշտադրում՝ խոսքը ոչ թե արգելելու, այլ կանոնակարգելու մասին է:

«Օրինագծով սահմանվելու է նաեւ ժամային ռեժիմ: Ենթադրվում է, որ գործունեությունը կթույլատրվի մինչեւ 23:00-ն, որից հետո տնտեսվարողները պետք է ազատեն զբաղեցրած տարածքները, որպեսզի պահպանվի շրջիկ առեւտրի գաղափարը»,- նշում է Երեւանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը:

Թույլատրելի վայրերի հետ միաժամանակ կսահմանվեն նաեւ այն տարածքները, որտեղ կարգելվի շրջիկ առեւտուրը: Ասենք, օրինակ, կենտրոնական հրապարակների, պատմամշակութային շենք-շինությունների եւ կրթական հաստատությունների, մասնավորապես՝ դպրոցների մոտ առեւտրի շրջիկ կետեր չեն լինի:

«Ցավոք, այսօր շատ դեպքերում, դպրոցների, համալսարանների դիմաց կայանած են մեքենաներ, որոնցից վաճառում են ալկոհոլ»,-ասում է ԱԺ պատգամավոր, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

Ընդամենը 3 ամիս առաջ Երեւանում գույքագրվել էր շրջիկ առեւտրով զբաղվող 47 կետ, այսօր դրանց թիվը շուրջ 70 է: Սակայն շատ դեպքերում ոչ բոլորը կետերը կարելի է անվանել շրջիկ:

Շարժական սրճարանների միությունն օրենքին կողմ է, սակայն ունեն նաեւ դիտողություններ:

«Շատ կարեւոր է, որ օրենսդրությամբ կարգավորվի, որովհետեւ օրեցօր շատանում են նման կետերը եւ դա խնդիրներ է առաջացնում: Սակայն ունենք նաեւ մեր վերապահումները: Օրինակ, ի՞նչ տարբերություն քաղաքապետարանի համար՝ այդտեղ մշտապես մեկ մեքենա կանգնած կլինի, թե՞ ռոտացիայի սկզբունքով է կփոխվեն»,- ընդգծում է շարժական սրճարանների միության նախագահ Արել Մելիքյանը:

Տնտեսվարողների միջեւ ստեղծել հավասար մրցակցային պայմաններ եւ բացառել կոռուպցիոն ցանկացած դրսեւորում. սա է քաղաքային իշխանության նպատակը: Հենց դրա համար էլ քաղաքապետարանն առաջարկելու է, որպեսզի ընտրությունը, թե որ տնտեսվարողը, որտեղ պետք է կայանի, լինի հատուկ էլեկտրոնային հարթակի միջոցով:

«Ամեն առեւտրի կետ ինքն է որոշելու, թե վաղը կամ մյուս օրը որտեղ է կայանելու եւ, այսպես ասած, ամրագրելու է իր տեղը: Սա շատ ճկուն մեխանիզմ է, որովհետեւ մենք չենք ուզում, որ այդ առեւտրի կետերը վերածվեն մշտական կետերի: Դա լինելու է մրցակցության սկզբունքով. ով առաջինը գրանցվեց՝ նա էլ կկանգնի տվյալ տեղում»,- շեշտում է Կարեն Համբարձումյանը:

«Տնտեսվարողների շահերը պաշտպանելու համար կլինեն որոշակի արտոնություններ, ինչը հիմա փաստացի չկա: Տվյալ վայրերում կտրամադրվի էլեկտրականություն, հատուկ աղբամաններ»,-հավելում է Սիսակ Գաբրելյանը:

Շրջիկ առեւտրի մեքենաների համար առանձնացված վայրերը կգծանշվեն եւ կկահավորվեն, կայանած ցանկացած այլ մեքենա կտարհանվի: Կսահմանվի նաեւ տեղական տուրք՝ ամիսը մինչեւ 50 հազար դրամի չափով: Սակագները կենտրոնում եւ ծայրամասերում կլինեն տարբեր:

«Նախագիծն օրենք դառնալուց հետո կարգավորվելու է շրջիկ առեւտուրը, իսկ ապօրինի, առանց թույլտվության առեւտուր իրականացնող կետերը տարհանվելու են եւ ենթարկվելու են վարչական պատասխանատվության»,-տեղեկացնում է քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը դեկտեմբերին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քաղաքային իշխանությունը եւս մեկ անգամ կհանդիպի տնտեսվարողներին՝ ներկայացնելու փոփոխություններն ու քննարկելու խնդրահարույց կետերը: Հնարավոր է, որ 2020թ. հունվարին օրենք ընդունված լինի:

«Կամրագրվի որոշակի ժամկետ, որպեսզի ավագանին սահմանի կարգը, նաեւ տնտեսվարողներն էլ պատրաստվեն: Խոսքը մոտավորապես 3-4 ամսվա մասին է»,-նշում է Սիսակ Գաբրելյանը:

Քաղաքային իշխանությունը մեկ անգամ եւս հորդորում է տնտեսվարողներին՝ սպասել օրենսդրական կարգավորումներին եւ խուսափել ավելորդ ծախսերից:

Տպել
Ամենաշատ