News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 15
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Վրաստանում քաղաքական գործիչների շրջանում ամենամեծ բացասական վարկանիշ ունի մեկ տարի առաջ երկրի նախագահի պաշտոնում ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին. նրան բացասական է գնահատում հարցվածների 70 տոկոսը եւ միայն 23 տոկոսը՝ դրական, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: 

Այսպիսին են սեպտեմբեր-հոկտեմբերին ամերիկյան հեղինակավոր IRI (International Republican Institute, Միջազգային հանրապետական ինստիտուտ) հասարակական կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները:

Հետազոտության մասնակիցների համար ընթերցել են վրացի քաղաքական գործիչների եւ հանրային դեմքերի անունները: Նրանք իրենց վերաբերմունքը պետք է արտահայտեին այնպիսի պատասխանների միջոցով, ինչպես՝ «դրական», «բացասական», «չեմ լսել այդպիսի անձի մասին» կամ «դժվարանում եմ պատասխանել»:

Պարզվել է, որ նախագահից հետո երկրորդ բավականին բարձր բացասական վարկանիշ ունի «Գիրչի» ուլտրալիբերալ կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն՝ նրան բացասական է գնահատում 66 տոկոսը, դրական՝ միայն 14 տոկոսը:

Բացասական վարկանիշի երրորդ տեղում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ 57 տոկոսը նրան բացասական է գնահատում, 32 տոկոսը՝ դրական:

Բացասական վարկանիշի միանման ցուցանիշ ունեն ընդդիմությունից 3 քաղաքական գործիչներ՝ հարցվածների 59 տոկոսը բացասական է գնահատում «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իրմա Ինաշվիլիին, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեին եւ «Եվրոպական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային:

Ընդ որում՝ Ուգուլավայի եւ Բուրջանաձեի դրական վարկանիշը կազմում է 31 տոկոս, իսկ Ինաշվիլիի՝ 29 տոկոս:

Բնակչության դրական վերաբերմունքի տեսակետից ամենաբարձր վարկանիշ ունի «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն՝ 57 տոկոս դրական արձագանքներ, 36 տոկոս՝ բացասական:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին գրեթե հավասար են գնահատում՝ 49 տոկոս դրական արձագանքներ, 42 տոկոս՝ բացասական:

Նույնպիսի իրավիճակ է խորհրդարանի նախկին խոսնակ եւ «Շինարարության շարժման» առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլիի դեպքում՝ 47 տոկոս դրական արձագանքներ, 41 տոկոս՝ բացասական:

Բացասական վարկանիշը գերազանցում է «Միավորված ընդդիմության» առաջնորդ Գրիգոլ Վաշաձեի դեպքում՝ նրան դրական է վերաբերվում 41 տոկոսը, իսկ բացասական՝ 50 տոկոսը:

Հանրային համակրանքի տեսակետից առավել վատթար վիճակում է վերջերս վարչապետ նշանակված Գեորգի Գախարիան՝ նրան դրական է գնահատում 39 տոկոսը, բացասական՝ 59 տոկոսը:

Հարցման արդյունքները հրապարակվել են նոյեմբերի 18-ին: Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 14-ը՝ IRI-ի պատվերով եւ USAID-ի ֆինանսավորմամբ: Դաշտային աշխատանքները կատարել է Baltic Surveys/The Gallup Organization-ը: Երկրի մասշտաբով հարցումն անցկացվել է 1500 մարդու շրջանում: Սխալմունքը կազմում է +/- 2.5 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ