News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Վրացական երազանքը» հայտարարում է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը ընտրահամակարգով։ Այս մասին ճեպազրույցում ասել է կուսակցության գլխավոր քարտուղար եւ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Թեման փակ է, 2020 թվականին կպահպանվի խառը ընտրահամակարգը»,- ասել է Քալաձեն խորհրդարանական մեծամասնության խորհրդակցության արդյունքների հիման վրա։

Քալաձեն ընդգծել է, որ նախկին կառավարող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը» բարոյական իրավունք չունի քաղաքական մեղադրանքներ ներկայացնել» կառավարող կուսակցությանը, քանի որ նրանք չեն աջակցել սահմանադրության փոփոխությանը 2017-ին եւ երբեք  մեծամասնական համակարգը հանելու հարց չեն դրել։

Բացի այդ, կուսակցությունում մատնանշում են, որ իրենք «ռեսուրս չունեն» 113 ձայն հավաքելու համար, ինչն անհրաժեշտ է սահմանադրությունում նոր փոփոխությունների համար, որոնք կվերաբերեն ընտրահամակարգի բարեփոխմանը։

Նոյեմբերի 14-ի քվեարկությանը «Վրացական երազանքի» օրինագիծը լրիվ համամասնական ընտրակարգի անցնելու մասին արդեն 2020 թվականին՝ տապալվեց սեփական մեծամասնական պատգամավորների դիրքորոշման պատճառով։ Իսկ գործող սահմանադրության համաձայն՝ լիովին համամասնական ընտրահամակարգի անցումը կիրականացվի միայն 2024 թվականի ընտրություններում։

«Վրացական երազանքը» նաեւ կարծում է, որ ընդդիմության առաջարկած «գերմանական մոդելը» չի համապատասխանում երկրի գործող սահմանադրությանը։ Ընդդիմության հայտարարությունը, թե փորձագետներն այդ մոդելը համարում են իրատեսական, քանի որ նման համակարգով ընտրությունների անցկացումը չի պահանջում սահմանադրության փոփոխություններ, Քալաձեն անվանել է «հասարակությանը մոլորության մեջ գցելու» փորձ։

Ավելին, «Վրացական երազանքում» պատրաստ են շարունակել դիտարկելու լիովին մեծամասնական ընտրահամակարգի անցնելու նախաձեռնությունը. նման առաջարկությամբ հանդես են գալիս որոշ մեծամասնական պատգամավորներ, որոնք արդեն տապալել են ընտրական բարեփոխման մասին օրինագիծը հօգուտ համամասնականի։

Կառավարող կուսակցությունը, Քալաձեի խոսքով՝ մտադիր է դիտարկել պլեբիսցիտի (այսինքն բնակչության հարցման) անցկացումը ընտրահամակարգի վերաբերյալ, միեւնույն ժամանակ հարցումը կկազմակերպվի 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ կամ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։

Այսպիսով, չի բացառվում, որ եթե պլեբիսցիտի ժամանակ կարծիք հայտնվի, որ Վրաստանի բնակչությունը նախապատվությունը կտա մեծամասնական համակարգին, կսկսվի բանավեճ այդ հարցի շուրջ։ 

«Ինչպես գիտեք, խորհրդարանական մեծամասնությունում կա մաժորիտար պատգամավորների խումբ, որոնք առաջարկում են անցում կատարել մաժորիտար համակարգի: Թիմի հետ խորհրդակցությունից հետո երեկ եւ այսօր մենք նրանց վստահեցրեցինք, որ չենք քննարկի 2020-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով նոր որեւէ նախաձեռնություն: Սակայն մենք հասկանում ենք նրանց ընդհանուր նախաձեռնությունն ու համաձայն ենք, որ նրանք կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ, պայմանով, որ ընտրական համակարգի բարեփոխումների մասին հարցը դուրս կգա քննարկման նոր փուլ մինչ 2020-ի խորհրդարանական ընտրությունները»,- ասել է Քալաձեն:

Իշխող կուսակցությունում խորհրդակցությունների ամենակարեւոր արդյունքն այն է, որ «Վրացական երազանքը» 2020-ի ընտրություններում չի առաջադրի իր թեկնածուներին եւ մաժորիտար պատգամավորներին, եթե առաջադրվեն «հաղթանակի իրական շանս ունեցող» անկախ թեկնածուներ:

«Մենք որոշել ենք մեր թեկնածուներին չառաջադրել այն ընտրական մաժորիտար տարածքներում, որտեղ բացի «Ազգային շարժմն» երկու հիմնական ճյուղերի թեկնածուներին, կլինի հաղթանակի իրական շանս ունեցող ցանկացած այլ ընդդիմադիր կամ անկախ թեկնածու»,- ասել է Քալաձեն:

«Արդյունքում մենք կապահովենք ապագա խորհրդարանի բազմազանությունը: Մենք ճանապարհ կբացենք կազմակերպչական առումով թույլ, սակայն հեղինակավոր քաղաքական խմբերին եւ ակտիվ մարդկանց»,- ասել է նա:

Հարկ է նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին 2016 թվականին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Մթածմինդայի մաժորիտար տարածքից: Այդ ժամանակ «Վրացական երազանքը» եւս իր թեկնածուին է առաջադրել Մթածմինդայում, որպեսզի այդպիսով աջակցի նրա թեկնածությանը: Արդյունքում Զուրաբիշվիլին պատգամավորական մանդատ է ստացել: Նույն սկզբունքով՝ որպես անկախ թեկնածու, սակայն «Վրացական երազանքի» ֆինանսական եւ կազմակերպչական աջակցությամբ, Սալոմե Զուրաբիշվիլին 2018 թվականին ընտրվել է Վրաստանի նախագահ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ