News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը, որը մեծ ավանդ է ներդրել կարեւոր տեղեկատվության հայթայթման գործում, որն անհրաժեշտ էր երկրի ազգային շահերի եւ անվտանգության ապահովման համար, կհուղարկավորվի ուրբաթ, Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։ Գոհար Վարդանյանը կհանգչի ամուսնու եւ մարտական ընկերոջ՝ Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի կողքին։ Գոհար Վարդանյանը մահացել է երկուշաբթի, կյանքի 94-րդ տարում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հետախուզության հերոսուհին

Վարդանյանի մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Գոհար Լեւոնովնան պատկանել է փայլուն պրոֆեսիոնալների համաստեղությանը, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Հայրենիքին ծառայությանը։ Ամուսնու՝ Գեւորգ Անդրեյի Վարդանյանի հետ միասին նրանք հիրավի եզակի ավանդ են ներդրել մեր երկրի անվտանգության ամրապնդման գործում, վառ, հերոսական էջեր գրել հայրենական արտաքին հետախուզության պատմության մեջ»,- ասվում է պետության ղեկավարի հեռագրում՝ ուղղված ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հասցեին։

ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նառիշկինը Վարդանյանին անվանել է հայրենական հետախուզության լավագույն աշխատակիցներից մեկը, կին, որը լեգենդ է դարձել կենդանության օրոք։ Նառիշկինի խոսքով՝ Գոհար Վարդանյանը հավերժ կմնա գործընկերների եւ համախոհների հիշողության մեջ որպես «անկեղծ, կենսուրախ, շռայլ հոգու տեր, սրտակից ու խորապես պարկեշտ մարդ»։

«Մենք չենք մոռանա, թե ինչ հասցրեց անել անլեգալ հետախուզությունում արտաքնապես փխրուն, բայց ոգով ուժեղ, արի ու անձնուրաց կինը»,- նշել է ԱՀԾ ղեկավարը։ Գեւորգ Վարդանյանի հետ միասին «նրանք ամենագեղեցիկ, հմայիչ եւ միաժամանակ արդյունավետ ընտանեկան զույգերից մեկն էին մեր անլեգալ հետախույզների մեջ»,- ավելացրել է Նառիշկինը։ «Պետական անվտանգության ապահովման գործը, որը ուղեվար աստղ դարձավ Գոհար Լեւոնովնա Վարդանյանի կյանքում, կշարունակենք մենք՝ նրա երախտապարտ աշակերտներն ու սերունդները»,- խոստացավ ԱՀԾ տնօրենը։

Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցություններ է հայտնել նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը, ինչպես սպասվում է, կմասնակցի հետախույզի վերջին հրաժեշտի արարողությանը։ Սարգսյանի խոսքով՝ Գոհար Վարդանյանը «Հայրենիքին անձնուրաց ծառայության եւ ընտրած գործին ինքնամոռաց հավատարմության վառ օրինակ է»։ Հետախուզությունում Վարդանյանի անցած ճանապարհը եւ նրա պրոֆեսիոնալ կարողությունները «հիրավի հայրենասիրության եւ ոգեշնչման դաս են սերունդների համար, իսկ նրա դերը եւ վաստակը պատմության մեջ արժանի են խոնարհման»,- իր հերթին նշել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

«Անիտան» եւ «Անրին»

Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականի հունվարի 25-ին Լենինականում (Գյումրի)։ 1930-ականների սկզբին ըտանիքի հետ տեղափոխվել է Իրան։

16 տարեկանում մտել է իր ապագա ամուսնու եւ զինակցի՝ Գեւորգ Վարդանյանի (1924-2012) հակաֆաշիստական խումբ, նրա հետ միասին Իրանում ակտիվ հետախուզական աշխատանք է կատարել դժվարին պայմաններում։ 1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի կոնֆերանսի անվտանգության ապահովման գործողությանը։ Այն ժամանակ կանխվեց հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ։

1951-ին Վարդանյան ամուսինները բերվեցին ԽՍՀՄ, 1956-ին հաջողությամբ ավարտեցին Երեւանի օտար լեզուների ինստիտուտը։ Այնուհետեւ հաջորդեց Գոհար եւ Գեւորգ Վարդանյան անլեգալ հետախույզների ամուսնական զույգի  երկարատեւ, էքստրեմալ աշխատանքը աշխարհի բազմաթիվ երկրներում, նրանք գործում էին «Անիտա» եւ «Անրի» օպերատիվ կեղծանուններով։

1986-ին, անլեգալ դրությամբ 30 տարվա արգասավոր աշխատանքից հետո Գոհար եւ Գեւորգ Վարդանյանները վերադարձան տուն։ Մասնագետների կարծիքով՝ նրանց աշխատանքի արդյունքներն այնքան նշանակալի են, որ երբեք չեն գաղտնազերծվի։

Գոհար Վարդանյանի վաստակը գնահատվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով եւ բազմաթիվ մեդալներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ