News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության վեցերորդ համագումարը, հաղորդում է «Արցապրեսը»: 

Համագումարին ներկայացվել են կուսակցության Կենտրոնական խորհրդի և վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Հաջորդիվ տեղի են ունեցել կուսակցության նոր Կենտրոնական խորհրդի և Կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունները:

Համագումարին կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ ԱԺԿ-ն հանրապետության քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից է, և վերջին գրեթե 20 տարիներին երկրի հանրային, քաղաքական կյանքում ժողովրդավարական կուսակցությանը հաջողվել է ձևավորել ու նաև անխաթար պահել սեփական դիմագիծը:

«Փորձել ենք մեր հնարավորությունների շրջանակներում նպաստել հանրապետությունում պետական կառավարման համակարգի կատարելագործմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, ժողովրդավարական գործընթացների խորացմանը, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով զարգացումներին: Այսօր մեր կուսակցության բարձրագույն մարմնի համագումարի քննարկմանը ներկայացված հարցերի միջոցով մենք կամփոփենք հինգերորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում կուսակցության կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաև կնախանշենք առաջիկա մեր անելիքները»,- նշել է Ա. Ղուլյանը:

Համագումարին ողջույնի ուղերձ է հղել Եվրոպայի «Ազատ դաշինք»-ի նախագահ Լորենա Լոպես դե Լագալը: Նա նշել է, որ իրենց աջակցությունն են հայտնում ԱԺԿ-ին և մաղթում հաջողություններ առաջիկա աշխատանքներում:

Այնուհետև ելույթներով հանդես են եկել ԱԺԿ Կենտրոնական խորհրդի նախագահի տեղակալ, Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, կուսակցության Շահումյանի շրջանային խորհրդի նախագահ Խորեն Վարդանյանը, Մարտակերտի շրջանային խորհրդի նախագահ Մելսիդա Քարդումյանը և Ասկերանի շրջանային խորհդի անդամ Սամվել Ենգիբարյանը:

Իր խոսքում «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն ասել է, որ խմբակցության անդամները, ընդգրկված լինելով տարբեր հանձնաժողովներում, բավականին ակտիվ և ծավալուն աշխատանք են կատարում:

Անդրադառնալով 2020 թ.-ին սպասվող համապետական ընտրություններին՝ Վ. Բաղրյանը նշել է, որ կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է ընտրություններին: Պատգամավորը կարևորել է կուսակցության սեփական թեկնածուի առաջադրումը նախագահական ընտրություններում: Նրա խոսքով՝ 2020 թ.-ին կայանալիք ընտրություններով մեծապես պայմանավորված է լինելու Արցախ աշխարհի վաղվա օրը:

Համագումարի օրակարգում ընդգրկված 2020թ.-ի նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից թեկնածու առաջադրելու մասին հարցի քննարկմանը միաձայն որոշմամբ բոլոր պատվիրակների կողմից ընդունվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի թեկնածությունը:

Իր խոսքում Ա. Ղուլյանն ասել է, որ 2020 թ.-ի ընտրությունները լինելու են տեսակի ընտրություն և վեր են հանելու մարդու, կառավարչի ու քաղաքական գործչի այն արժեքները, որոնք առավել ընդունելի են մեր հասարակության համար: Սա չի լինելու ընտրություն ուղղակի կուսակցությունների կամ անձերի միջև, ոչ էլ այս կամ այն քաղաքական գծի: Ա. Ղուլյանի խոսքով՝ սա լինելու է առավել խորիմաստ ընտրություն, հասկանալու համար ով ենք մենք՝ որպես հասարակություն և մեզանից յուրաքանչյուրը՝ որպես անհատականություն:

Վերջում պատվիրակներին է ներկայացվել համագումարի որոշումը, որում ներկայացված է կուսակցության առաջիկա անելիքների և ռազմավարության մասին:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ