News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել ՍԴ-ն, եթե կան այլ կառուցներ, որոնց նկատմամբ ժողովուրդն նույնպես ունի անվստահություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու կառավարության նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ժողովուրդն արդյոք վստահո՞ւմ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին, Վանաձորի մանդատագողությամբ զբաղված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Գյումրիի ընտրությունները կեղծիքներով ընտրված պարոն Բալասանյանին։ Կա 2 տարբերակ․ կամ ասում եք՝ վստահում ենք այդ մարդկանց կամ եթե չեք վստահում, ապա ինչո՞ւ չեք բերում նախագծեր իրենց էլ փող տանք, որ գնան այդ տեղերն էլ նորմալ հեղափոխությունից հետո եկած, անկախ, անկաշկանդ մարդիկ ընտրվեն»,- ասաց  ԼՀԿ ղեկավարը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի գնահատմամբ էլ Մարուքյանի տված հարցերն իրենց ներկայացրած նախագծի քննարկման հետ կապ չունեն․ «Այս նախագծի նպատակն է անդրադարձ ճգնաժամին, անվստահությանը։ Անձանց վերաբերյալ վստահության վրա չի խարխսված այս նախագծի էությունը»։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները: Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշել է, որ 2015-ի Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ 9 դատավորները պետք է ընտրվեն ԱԺ-ի կողմից: Ընդ որում, երեք դատավորի ներկայացնում է կառավարությունը, երեքին՝ ՀՀ նախագահը եւ երեքին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Ըստ էության, ստացվում է այնպես, որ հնարավոր է՝ առհասարակ կյանքի չկոչվի այս մոդելը, որովհետեւ ՍԴ-ում պաշտոնավարում են անդամներ, որոնք ընտրվել էին հին կարգով»,-ասաց Բադասյանը: Նա հավելեց, որ մի շարք երկրներում այս պրակտիկան կիրառվել է: Հունգարիայում եւ Լեհաստանում կիրառվել է վաղ կենսաթոշակի գնալու պարտադիր սխեման, որը քննադատվել է ԵԽ տարբեր մարմինների կողմից, դրա համար Հայաստանը որդեգրել է կամավոր թոշակի գնալու տարբերակը:

Տպել
Ամենաշատ