News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը:

Փակման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Փառատոնի մասնակիցների՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան, «Իմ ուղին» վերականգնողական կենտրոնի, Լսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոցի երգչախումբի, Բերդ քաղաքի «Հույսի կամուրջ» վերականգնողական կենտրոնի եւ այլ հաստատությունների սաների հետ համատեղ ելույթներ են ունեցել Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի, Գյումրու Գ. Բրուտյանի անվան երաժշտական դպրոցի սաները, ինչպես նաեւ անվանի երաժիշտներ՝ Ռուբեն Հախվերդյանը, Միքայել Ոսկանյանն ու ընկերները, Գոռ Սուջյանը, «ԳԱԹԱ» բենդը, Աննա եւ Անահիտ Մխիթարյաննները, «Լավ Էլի» ռոք խումբը, «Hope For Coffee» երաժշտական խումբը եւ այլն: Փառատոնի փակման արարողությանը մասնակցել են նաեւ տարբեր մշակութային կենտրոնների ներկայացուցիչ երեխաներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, տպավորված միջոցառման ջերմ եւ անմիջական մթնոլորտից, ասել է. «Շատ հուզված եմ, իմ խոնարհումը բոլոր մանկավարժներին, կազմակերպիչներին, դուք մեզ հնարավորություն տվեցիք այսօր արժանի լինել այս երեխաներին: Երբ խոսում ենք ներառական կրթության, ներառական հասարակության մասին, չգիտես ինչու, խոսում ենք միայն մի կողմի մասին: Մենք բացահայտում ենք մի շատ հետաքրքիր, չքնաղ, բարդ եւ խորը աշխարհ, եւ այսօր մենք այդ աշխարհի մեջ էինք: Եվ հենց սրանով է, որ մենք մեզ զգում էինք մարդ եւ քաղաքակիրթ հասարակություն: Անչափ շնորհակալ եմ այսօրվա համար»:

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, ողջունելով մասնակիցներին, հավելել է. «Սա երեխաների համար շատ մեծ երեւույթ է: Անկեղծ եմ ասում՝ նման միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս «մարդ» դառնալու»:

«Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարությանը փառատոնի կայացմանն աջակցելու համար՝ բոլոր մասնակիցներին հանձնելով շնորհակալագրեր:

«Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնն ուղղված է բացել հասարակության դռները զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների եւ դեռահասների առջեւ` ձեւավորելով հավասար պայմաններ բոլորի համար: Փառատոնի կարեւորագույն ուղերձն է երաժշտության, արվեստի միջոցով ամրացնել կապը, ձեւավորել հանդուրժողականություն, ապահովել մտքի, երեւակայության փոխանակում երկու կողմերի համար, բացահայտել շնորհաշատ երեխաների եւ դեռահասների՝ նրանց տալով մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, հասարակության ճանաչված մարդկանց ներգրավվածության միջոցով հնարավորինս հանրայնացնել ներառական մտածողությունը:

Տպել
Ամենաշատ