News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


«Մենք պետք է հասկանանք՝ ընդհանրապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի էությունը ո՞րն է եղել մինչեւ հիմա», այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան «Իմ քայլը» դաշինքից Լիլիթ Ստեփանյանի՝  վերջին հեռուստամարաթոնի ընթացքում ավելի քիչ գումար հանգանակելու պատճառների մասին հարցին։

«Եղել է հետեւյալը, որ վարչահրամայական մեթոդներով գումարներ են հավաքել, գնացել են օլիգարխներից խնդրել են, մուրացել են,  սպառնացել են, տարբեր լծակներով նույն մարդկանցից 30 տարի անընդհատ փող են հավաքել, ծայրահեղ դեպքում ասել են՝ խոստացիր ուղղակի», ասել է Փաշինյանը եւ ավելացրել. «Մենք այսօր ուզում ենք համակարգ փոխել, որ «Հայաստան» համահայկական համակարգը դառնա իրոք Հայաստան համահայկական հիմնադրամ»։

Իր գոյության ողջ ընթացքում հիմնադրամը հանգանակել է 350 միլիոն դոլար, ինչը Փաշինյանը ազգային խայտառակություն է համարում. «Որովհետեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եղել է նեղ շրջանակի հիմնադրամ։ Այդ նեղ շրջանակում եղել են նվիրյալ մարդիկ, որոնք անընդհատ, առանց հոգնելու ամեն տարի տվել են։ Բայց լավ, ամոթ է, ամեն տարի կարելի՞ է գնալ նույն մարդկանց մի անգամ խնդրելով, մի անգամ  աղաչելով անընդհատ գումար վերցնել։ Այս տարի զրոյական կետ է, որովհետեւ մենք հիմա ուզում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը  լինի Հայստան համահակական հիմնադրամ։ Եւ ոչ թե դրամի 90 տոկոսը տան 3, 4, 5 կամ 10 հոգի, այլ միլիոնավոր հայեր մասնակցեն այդ դրամահավաքին։ Սա առաջին գործոնը։ Երկրորդ գործոնը․ դուք գիտեք, որ հիմնադրամի երկարամյա տնօրենի նկատմամբ քրեական գործ է հարցուցված չարաշահումների, ատկատների եւ այլնի մասին։ Եւ դա շատ ծանր ընտրություն է։ Համաձայնեք՝ ոչ մի նվիրատուի համար հաճելի չէ իմանալ, որ իրենց տված գումարներից գողացել են կամ գնացել են բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ են արել։ Եւ եթե հիմա դրամահավաքը ուզում են համեմատել նախորդ տարիների հետ, թող չհամեմատեն, որովհետեւ մենք զրոյից ուզում ենք ստեղծել «Հայաստան» համահայկան հիմնադրամ եւ մենք կստեղծենք», ասել է վարչապետը։ 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ փորձ է արվելու ներդնել նոր բանաձեւ։  «Հիմա, հիմնադրամում մեզ պետք են ոչ թե մի քանի հայեր, որոնք մեզ կտան միլիոնավոր դոլարներ, այլ միլիոնավոր հայեր, որոնք  կտան մի քանի դոլար։ Մենք պայմանական նշաձող ենք սահմանել՝ ամիսը 22 դոլար։ Եւ այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում տեղադրված է այ գործիքը, յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտնել եւ բաժանորդագրվել, որ ամիսը 22 դոլար փոխանցվի հիմնադրամին։ Եւ դա չի լինի մեկ իրադարձություն՝  մեկ երեկոյում, տարվա ընթացքում այդ պրոցեսը անընդհատ կշարունակվի», ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ