News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախագահ Միշել Աունը որոշել է մինչեւ դեկտեմբերի 16-ը հետաձգել խորհրդարանական խմբակցությունների հետ վարչապետի թեկնածության խորհրդակցությունները, ում հանձնարարվելու է երկրի նոր կառավարության ձեւավորումը: Այս մասին նշված է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խորհրդակցությունները հետաձգվել են մեկ շաբաթով՝ դեկտեմբերի 9-ից դեկտեմբերի 16 այն բանից հետո, երբ բիզնեսմեն Սամիր ալ Խաթիբը, որի առաջադրումը վարչապետի պաշտոնում ավելի վաղ աջակցել էին բոլոր հիմնական պատգամավորական խմբակցությունները, կիրակի հայտարարել էր իր թեկնածությունը հանելու մասին: Դա տեղի էր ունեցել Լիբանանի գերագույն մուֆթի շեյխ Աբդել Լաթիֆ Դերայանի հետ ալ Խաթիբի հանդիպումից հետո:

Մուսուլմանների հոգեւոր ղեկավարը ալ Խաթիբին ասել է, որ սուննի համայնքների քաղաքական գործիչները անցկացրած շփումներից հետո աջակցել են վարչապետի պաշտոնին «Ալ Մուսթաքբալ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Սաադ Հարիրիի վերադարձը: Շեյխի խոսքով՝ Հարիրին «ջանքեր է գործադրում Լիբանանի տնտեսության վերելքի համար եւ կարեւոր դեր խաղում արաբական ու միջազգային ասպարեզում»:

«Ալ Մուսթաքբալի» առաջնորդը, որը 2009 թվականից 3 անգամ ղեկավարել է կոալիցիոն կառավարությունը, հրաժարական էր տվել հոկտեմբերի 29-ին՝ երկիրն ընդգրկած հակակառավարական զանգվածային ցույցերի ֆոնին: Հարիրին վայելում է միջազգային շրջանակների վստահությունը եւ 2008-ին հասել էր Լիբանանին 11 մլրդ դոլարի ֆինանսական օգնության ցուցաբերման Փարիզ-4 («Մայրի») համաժողովի անցկացմանը:

Միաժամանակ, ինչպես փոխանցել է Al Jadeed հեռուստաալիքը, Բեյրութի կենտրոնում փողոցները փակած բողոքի շարժման մասնակիցները մուֆթիի հայտարարությանը բացասաբար են վերաբերվել: Գիշերային ժամերին Պլյաս Էտուալ հրապարակի շրջան են գնացել հարյուրավոր ցուցարարներ, որոնք պահանջել են ցրել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ անցկացնել: Մի շարք վայրերում կարգի պահապանների եւ ակտիվիստների միջեւ բախումներ են տեղի ունեցել:

Քաթաիբ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը հայտարարել է, որ «անցումային կառավարությունը պետք է ղեկավարի չեզոք քաղաքական գործիչ, որը կապված չէ իշխող դասի հետ»: «Այդպիսի դերին համապատասխանում է, օրինակ, հեղիանակվոր դիվանագետ Նավաֆ Սալյամը, որը 2007-2017 թվականներին ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչն էր եւ հիմա դարձել է ՄԱԿ Միջազգային դատարանի անդամ»,- ասել է Ժմայելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել