News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անկարան դատապարտում է ԱՄՆ Կոնգրեսի հավանությանն արժանացած դաշնային բյուջեն, որում կան կետեր, որոնք ուղղված են Թուրքիայի դեմ եւ փլուզում են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ասվում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյի հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

ԱՄՆ Սենատը նախօրեին ընդունեց 2020 ֆինանսական տարվա դաշնային բյուջեն, փաստաթղթերն ուղարկվում են նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրման։

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում օրինագծերի ընդունումը, որոնք վերաբերում են 2020 թվականի բյուջետային հատկացումներին եւ պարունակում են հոդվածներ՝ ուղղված մեր երկրի դեմ, Կոնգրեսի անդամների ջանքերի արդյունքն են՝ ցանկացած միջոցով քայքայելու մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք դատապարտում ենք այն իրավիճակը, երբ անգամ բյուջեի ընդունման գործընթացը ԱՄՆ Կոնգրեսում կապված է ամերիկացի քաղաքական գործիչների կարճաժամկետ քաղաքական հավակնությունների հետ»,- ասվում է Աքսոյի հայտարարությունում։

Նշվում է, որ ամերիկացի կոնգրեսականները, հայտնվելով Թուրքիայի հակառակորդների գործիքի դերում, «որոնք փորձում են հարված հասցնել դաշնակիցների հայեցակարգին, այդկերպ խարխլում են իրենց հեղինակությունը եւ կորցնում վստահությունը»։ «Շրջանակները, որոնք ձգտում են ապօրինաբար արգելափակել F-35 ինքնաթիռների փոխանցումը մեր երկրին, ինչպես նաեւ խափանել Կիպրոսում կարգավորման ջանքերը եւ համագործակցության հնարավորությունները Արեւելյան Միջերկրածովում, ժամանակի ընթացքում կհասկանան, որ իրենց փորձերը առաջին հերթին վնաս են հասցնում ԱՄՆ սեփական շահերին եւ չեն ծառայում խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում»,- ասվում է Աքսոյի հայտարարությունում։

ԱՄՆ Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի կողմ են քվեարկել պաշտպանական բյուջեին՝ 738 մլրդ դոլարի չափով, որը նախատեսում է եվրոպական էներգետիկ անվտանգության պաշտպանություն պատժամիջոցներ մտցնելու միջոցով՝ կապված ռուսական «Հյուսիսային հոսք 2» եւ «Թուրքական հոսք» խողովակաշարերի հետ։ Պաշտպանական բյուջեն նախատեսում է նաեւ Թուրքիային նորագույն ամերիկյան F-35 ինքնաթիռների հանձնման արգելք՝ ի պատասխան Անկարայի կողմից Ս-400-ների գնման եւ Կիպրոսին զենքի վաճառքի էմբարգոն հանելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ