News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ» մի շարք ցուցանիշների գծով ամրապնդելու է առաջատար դիրքերը: Այս մասին իր հարցազրույցում նշեց «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը:

Պարոն Սարգսյան, դուք ստանձնել եք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ վարչության նախագահի պաշտոնը այս տարվա փետրվարին։ ՀՀ կենտրոնական բանկի Ձեր երկար տարիների աշխատանքը եւ առհասարակ, բանկային համակարգի մեծ փորձառությունը որքանո՞վ է Ձեզ օգնում այսօր:

Բնականաբար, երկար տարիների փորձը Կենտրոնական բանկում նպաստել է բանկային համակարգը ոչ միայն որպես վերահսկող մարմնի աշխատակից դիտարկելուն, այլ նաեւ որպես ֆինանսական կառույցի ղեկավար: Այդ փորձառությունն իր որոշիչ դերն ունի, մասնավորապես, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ռազմավարական քաղաքականությունը, շեշտադրումներն արագ ընկալելու, համակարգելու եւ առանցքային ուղղությունները ուշադրության կենտրոնում պահելու հարցում:

Այս կարճ ժամանակահատվածում Բանկի անձնակազմը՝ ղեկավարները, հին եւ նոր աշխատակիցներով համալրված ամբողջ թիմը, փորձում է մրցակցության լուրջ մարտահրավերներ նետել՝ պահպանելով այն բարձր վարկանիշն  ու անվիճելի վստահությունը, որն ունի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսօր:

Այսօր վարկավորման շուկայում գրանցվում է հիփոթեքային վարկերի բում, բնական է` ոչ առանց պետական աջակցության։ Ձեր կարծիքով, կարո՞ղ է, արդյոք, հիփոթեքային վարկերի տարածվածությունն ապագայում հանգեցնել բանկային համակարգում չաշխատող վարկերի աճին՝ փոխառուների վճարունակության ոչ ադեկվատ գնահատականի պատճառով։

Ճիշտ է, այսօր հիփոթեքային վարկերի աճն աննախադեպ է, որն էապես պայմանավորված է պետական աջակցությամբ, եկամտային հարկի վերադարձով եւ շինարարության ոլորտի աճով: Սակայն, հիփոթեքային վարկեր տրամադրելիս (քանի որ վերջիններս երկարաժամկետ են) բանկերն իրականացնում են զգուշավոր քաղաքականություն. հաճախորդների վարկունակության խիստ գնահատում, կանխավճարի առկայություն, գրավադրվող գույքի ապահովագրություն, որոշ դեպքերում լրացուցիչ անշարժ գույքի գրավադրում, երաշխավորների առկայություն: Ուստի, կարծում ենք, որ ՀՀ բանկային համակարգում հիփոթեքային վարկերի պորտֆելում չաշխատող վարկերի մեծ ծավալի առաջացման հավանականությունը փոքր է:

Բանկերի կողմից հիփոթեքային վարկերի շարունակական աճը նպաստելու է շինարարության ոլորտի ակտիվացմանն ու աճին, ուստի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը հիփոթեքային վարկերի շուկայում՝ առաջարկելով շահավետ պայմաններով վարկեր իր հաճախորդներին: 

Այս ենթատեքստում ցանկանում եմ մեր հաճախորդների ուշադրությունը հրավիրել այն դրույթի վրա, որ կառուցապատողից անշարժ գույք գնելու դեպքում հարկավոր է ցանկացած վճարումներ իրականացնել բացառապես բանկերում բացված կառուցապատողի հատուկ հաշիվներին: Նշեմ նաեւ, որ փոխանցվող կանխավճարային վճարումների հետ կապված կա մի նրբություն. օրենքը թույլ է տալիս մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կառուցապատողի կողմից այդ միջոցների մի մասի տնօրինում, եթե կառուցապատողի եւ գնորդի միջեւ կնքված պայմանագրով գնորդը տվել է իր համաձայնությունը: Ես խորհուրդ կտայի, որ գնորդն իր համաձայնությունը տա միայն այն դեպքերում, երբ հատուկ հաշիվների գումարները կօգտագործվեն բացառապես կառուցապատողի վարկային պարտավորությունների մարման կամ կառուցապատման աշխատանքներն իրականացնելուն:

Վերջին մի քանի տարում Հայաստանի բանկերն ակտիվորեն միջոցներ են ներգրավում լիկվիդայնություն պարտատոմսերի թողարկման միջոցով։ Ո՞ր աղբյուրներից է բանկը ներգրավում փոխառու միջոցներ։ Պատրաստվու՞մ է բանկը դուրս գալ Հայաստանի պարտատոմսերի շուկա։

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներգրավված միջոցների հիմնական աղբյուրը հաճախորդների ավանդներն են, ավանդային պորտֆելի ծավալով մեր Բանկը շուկայում զբաղեցնում է առաջին տեղը: Ինչ վերաբերում է Հայաստանի պարտատոմսերի շուկա դուրս գալուն, ապա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ դեռեւս 2016 թվականից ամեն տարի իրականացնում է պարտատոմսերի թողարկումներ եւ ներկայացված է Հայաստանի պարտատոմսերի շուկայում:

Հաջորդ տարի եւս պատրաստվում ենք թողարկել պարտատոմսեր ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ունի բավականին զարգացած մասնաճյուղային ցանց՝  շարունակվելո՞ւ է արդյոք խոշոր քաղաքային համայնքների եւ մյուս բնակավայրերի միջեւ անհամամասնությունները մեղմելու Բանկի քաղաքականությունը, ինչ նոր մասնաճյուղեր են բացվելու առաջիկայում:

Իսկապես, մեր երկրի ցանկացած կետում ապրող քաղաքացու համար բանկային ոլորտի ծառայությունները հասանելի դարձնելը չափազանց կարեւոր է: Դա նաեւ տարածքային համաչափ զարգացման կարեւոր խնդիր է լուծում: Հայաստանի եւ Արցախի նույնիսկ ամենահեռավոր համայնքներում բնակվող մեր հայրենակիցների համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պետք է հասանելի լինի, իսկ նրանց ձայնը՝ մեզ համար լսելի:

Եվ դա առանցքային նպատակ է մեր Բանկի համար: Պատահական չէ, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսօր մասնաճյուղային եւ բանկոմատային ցանցով գտնվում է առաջատար եռյակի մեջ:

Այժմ ունենք ավելի քան 60 մասնաճյուղ, ընդ որում՝ Բանկն ունի նոր հայեցակարգ սպասարկման ոլորտում: Հուլիսին մայրաքաղաքի Նոր-Նորք վարչական շրջանում բացվեց տեխնիկապես նոր հագեցվածությամբ եւ հաճախորդների սպասարկման առանձնահատկություններով նոր ֆորմատի առաջին՝ «Մասիվ» մասնաճյուղը: Դրան հաջորդեց «Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի ժամանման սրահի հանրային գոտում գործարկված ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 24/7 ռեժիմով  մասնաճյուղը, որտեղ հաճախորդները շուրջօրյա կարող են օգտվել Բանկի կողմից մատուցվող ծառայությունների եւ պրոդուկտների ողջ տեսականուց՝ ավանդային եւ վարկային պրոդուկտների ձեւակերպում, հաշիվների համալրում, դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների իրականացում, խորհրդատվություն եւ այլն: Վերջերս Վանաձորում բացվեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՙԼոռի՚ մասնաճյուղը, իսկ Գյումրիում՝ փաստացի գործունեությունը սկսեց «Կումայրին՚. դրանք մեր Բանկի 3-րդ տարածքային ստորաբաժանումներն են Լոռու եւ Շիրակի մարզերում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաճախ է հանդես գալիս որպես ազգային եւ պատմամշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնությունների աջակից, մշակութային միջոցառումների հովանավոր: Ինչ արձագանք ունեցան 2019 թվականին Բանկի հովանավորությամբ անցկացված մշակութային միջոցառումները եւ որոնք էին դրանցից ամենահիշարժանները:

Այսօր շատ կազմակերպություններ մեծ ուշադրություն են դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին։ Հայբիզնեսբանկը նույնպես հետամուտ է նման  նախաձեռնությունների իրականացմանը, Բանկը 2013 թվականից մինչ այսօր աջակցել է տասնյակ սոցիալական ծրագրերի՝ ուղղված մշակութային, մարզական, առողջապահական, կրթական  եւ այլ ոլորտների զարգացմանը։

Այս տարի մենք նույնպես բազմաթիվ աջակցություններ ենք ցուցաբերել մշակույթի ոլորտին՝ համերգներ, թատրոններ, փառատոններ: Այդ ընթացքում սերտ համագործակցում ենք Երեւանի քաղաքապետարանի, գերատեսչությունների եւ այլ կառույցների հետ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ տեղի ունեցած վերջին երկու մշակութային միջոցառումներից մեկը ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո Գեղարդ վանական համալիրում տեղի ունեցած «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգն էր, որին ներկա էին ՀՀ նախագահն ու վարչապետը, բարձրաստիճան հյուրեր տարբեր երկրներից: ԲԱՆԿԸ նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի գլխավոր հովանավորներից մեկն էր: Մենք մշտապես կարեւորել ենք մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնությունները՝ աջակցելով դրանք սերնդեսերունդ փոխանցելու նպատակ ունեցող միջոցառումներին:

Ի՞նչ սպասելիքներ ունեք 2020 թվականին Հայաստանի բանկային համակարգի զարգացման հարցում եւ ի՞նչ կանխատեսումներ կան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մասով։

Նոր տարում Հայաստանի բանկային համակարգում կշարունակվի մրցակցության խորացումը, բանկերը կկատարելագործեն եւ կընդլայնեն հատկապես առաջարկվող թվային պրոդուկտները: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ամրապնդելու է իր կայուն եւ մի շարք ցուցանիշների գծով առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Համաձայն Բանկի՝ 2020-2023 թվականների զարգացման ռազմավարության՝ ունենալու ենք վարկավորման առավել ընդլայնված գործիքակազմ, մեր հաճախորդների համար ապահովելու ենք պրոդուկտների եւ ծառայությունների առավել ճկունություն, հասանելիություն եւ հարմարավետություն:

Մենք մնում ենք հավատարիմ մեր բիզնեսի փիլիսոփայությանը՝ ապագայի հուսալի ճանապարհն անցնելու ենք միասին:

Հարցազրույցը տրամադրել է Բանկի մամուլի ծառայությունը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ