ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր հանդիպել դեկտեմբերի 2-ին մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների հետ, երբ իմացել է, որ հարազատները փակել են Տիգրան Մեծի պողոտան, հետ է գնացել իր աշխատասենյակ։ Այս մասին Արթուր Աջամյանի հարազատներին փոխանցեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Վարչապետը դուրս էր եկել, իջել էր ներքեւ, երբ ճանապարհին իմացավ, որ փողոց եք փակել, հետ դարձավ ու գնաց իր աշխատասենյակ։ Բոլոր ձեր խնդիրներն ու մտահոգությունները կարող եք փոխանցել միայն իմ միջոցով։ Փողոց փակելը եղանակ չէ»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Արթուր Աջամյանի հորեղբայր Ջմո Աջամյանն էլ ասաց. «Բա իր ժամանակ, որ փակվում էր, ինչի՞ չէր արգելվում»։

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն էլ առաջարկեց մահացած զինվորի հորեղբորը բարձրանալ իր աշխատասենյակ, քննարկել իրենց խնդիրը։ Հարազատները կտրականապես հրաժարվեցին՝ ասելով,որ միայն վարչապետին են ներկայացնելու իրենց խնդիրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: