News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Հեռուստատեսային շուկայում մենք այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ դեռ հին ժամանակներից ՀՀ-ում ստեղծվել են երկու կառույցներ, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, մյուսը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշները եւ այդ գովազդային գումարները բաշխվում են ըստ արձանագրված վարկանիշերի:

«Այսինքն, ըստ էության, ավտոմատացված մեխանիզմ է եւ ըստ էության, հեռուստատեսային շուկայում գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է: Եթե ենթադրենք կա փոխկապակցվածություն գործող ռեյտինգ չապահովող ընկերությունների եւ գումար բաշխող ընկերության միջեւ, մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն այստեղ կա երկրում ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ:

Պետք չի թաքցնել, որ այդ գործառույթը գտնվում է ՀՀ նախկին ղեկավարության հետ ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո եւ մենք այս ուղղությամբ պետք է շարունակենք աշխատանքը»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իրենց ռազմավարություններում արձանագրված է, որ ոչ միայն կառավարությունը, այլեւ ՀԿ-ներն ու լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից:

«Օրինակ՝ այսօր Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ։ Նույնիսկ կասեի, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը ՀՀ-ում»: Մեր ժողովուրդը մեզ դրա համար շատ է մեղադրում, բայց անկեղծ ասած, ես դժգոհ չեմ այդ իրավիճակից, որովհետեւ նման հեռուստաընկերությունների գործունեությունը մեզ համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլեւ նրանց շոշափուկների ու մետաստազների: Դա հեշտացնում է մեր աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այն լրատվական պատերազմը, որ Կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ իրենք իրենց աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնեն. «Բայց մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա»:

Վարչապետը նաեւ նշեց, թե հեռուստաալիք կա Հայաստանում, որ երբ միացնում ես, «պարտադիր որեւէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից շատ ոգեւորված հարցազրույց է տալիս ու բացատրում է հանրությանը, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»:

Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հարցրեց, թե իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ պատրաստվո՞ւմ են ներդնել նաեւ այս ոլորտում եւ ստացավ դրական պատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ