News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Այդպես հեշտ է. եթե կա ծննդատուն կամ կա բուժհիմնարկ՝ իր խնդիրներով, իր սակավ կադրերով, սարքավորումներով, դա խնդիր է, որի լուծման համար անհրաժեշտ է արարել, ֆինանսավորում ապահովել, հարմարավետ պայմաններ ստեղծել, արարող մարդու համար դա՛ է ուղղությունը, քանդող մարդու համար՝ փակելը. չկա բուժկենտրոն, չկա խնդիր, NEWS.am-ին ասել է հայտնի բժիշկ, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը։ 

Առողջապահության կազմակերպիչն ասել է, թե ինքը կհասկանար, եթե ասվեր, որ, օրինակ, այդ շենքային պայմաններով ծանր է պետության բեռը, եկեք 3 հարկի փոխարեն 2 հարկ պահենք, 20 բժշկի փոխարեն 15-ը. «Օպտիմալացումը գնար ոչ թե արմատական ճանապարհով, այլ փորձեին մարդկանց բացատրել, որ գիտեք՝ դուք լավ չեք աշխատում եւ այսինչ բժիշկները 1 տարի ծնունդ չեն ունեցել, նրանք թող գնան ուրիշ տեղ աշխատեն։ Բայց նման բան չկա։ Կա հետեւյալը՝  այսօր լուրջ խնդրի առջեւ են կանգնում բուժաշխատողները, որոնց մեջ կան տարիքով մարդիկ եւ նրանց համար աշխատանք գտնելն անհամեմատ բարդ է։ Ես այսօր հարցում եմ ուղարկել  առողջապահության նախարարություն, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք, օրինակ, մերկասառույցի վրայով հղիին տեղափոխելն ավելի անվտանգ է, քան իրենց բնակավայրում ծնունդն ընդունելը։ Այդ հարցերի պատասխանները չկան, որպեսզի ես կարողանամ ասել՝ դա ծանրակշիռ, հաշվարկված որոշում է։ Երկրորդը.  նախարարն ասում է, որ իրենք ընդօրինակել են միջազգային փորձը, որը 300 ծնունդ է նախատեսում, պարզել են, որ մեր մարզային ծննդատներում փակվողներից որեւէ մեկը չի բավարարում այդ ցուցանիշին, կիսել են, դարձրել 150, բայց օրինակ ինչո՞ւ 50 չեն սահմանել, իրենց հայեցողությամբ որոշել են, որ կիսելն է ճիշտը։ Ես համարում եմ, որ մեկ քառորդն ավելի ճիշտ է, հիմա մեզնից ո՞վ է ճիշտ»։

Ըստ Գեւորգ Գրիգորյանի՝  երկրում չկա հաստատված բժշկատնտեսական ստանդարտ, որով կարելի է հաշվարկել՝   այսքան բնակչության պարագայում այսքան ծնունդն օպտիմալ է, թե ոչ, քանի կիլոմետր շառավղով պետք է ծննդատուն չլինի. «Օրինակ՝  Մարալիկի ծննդատան դեպքում ասվում է՝ 15 կիլոմետրի վրա Արթիկի ծննդատունն է։ Ենթադրենք համաձայնեցինք։ Բա Աչաջրի ծննդատո՞ւնը, մյուսը 30 կիլոմետր հեռավորության վրա է, այդ պարագայում ի՞նչ ենք անելու։ Որոշման հիմքում չկա հստակ հաշվարկ, հստակ հիմնավորում։ Բացի այդ՝  բավարար եւ պատշաճ կերպով ծանուցում չի արվել ո՛չ մարզպետարաններին, ո՛չ առողջապահության վարչություններին, ո՛չ բուժկենտրոնների աշխատակիցներին, ո՛չ տնօրեններին, ոչ մեկին։

Առողջապահության կազմակերպչի խոսքով՝  աշխատատեղերի ավելացումից խոսող,   «ժողովուրդը պետք է աշխատի, որ լավ ապրի» ասող կառավարությունն այսօր առողջապահության ոլորտում բուժաշխատողներին հարկադիր պարապուրդի է մատնում. «Վարչապետը վեր է կենում ու ասում՝ աշխատեք, որ լավ ապրեք, ո՞նց աշխատենք, եթե ձեր նախարարը բուժկենտրոններ է փակում, որտե՞ղ աշխատենք, պարո՛ն վարչապետ։ Այդ տրամաբանական հարցը, թերեւս զանազան ճնշումներից վախեցող բուժաշխատողները չեն բարձրացնում երկրի առաջին դեմքի մոտ, բայց այդ հարցը կա՝ որտե՞ղ աշխատեն։  Հավատացած եղեք, եթե ժողովուրդը նախորդ իշխանության դեմ դուրս եկավ ինչ-որ ժամանակ հետո, ապա այս իշխանությունը անհամեմատ ավելի շուտ է գալու եւ հասնի այն կետին, որ ժողովուրդը ինչպես «բռավո» գոռալով բերել է, անհամեմատ ավելի վատթար կերպով կհեռացնի այս իշխանությանը, որովհետեւ, փաստորեն, ժողովուրդը խաբված է։ Նրանց խոստացան, որ ամեն ինչը լավ է լինելու, նոր աշխատատեղեր են լինելու, փողեր են լինելու, ծաղկելու է երկիրը եւ այլն։ Առողջապահությունը թողնենք, մի ոլորտ ցույց տվեք ինձ, որտեղ խնդիրներ չկան։ Իսկ հիմա արդեն գրեթե 2 տարի անցել է, եւ պարզվում է՝ հնարավոր չէ նախկինների մեղքն ապացուցել։ Մենք խնդիր ունենք ոչ պրոֆեսիոնալների հետ։ Մենք ունենք խնդիր միջակության հետ, որով այսօր լցված է մեր իշխանությունը։ Ցավոք, այսօր արդեն կարող եմ ասել, որ մենք շատ քիչ կոմպետենտ պաշտոնյաներ  ունենք։ Այս  իշխանության օրոք թե՛ բարոյական նորմերի փլուզումը, թե՛ ծրագրերի տապալումը, թե՛ վստահության կորուստը վերականգնելու համար հաջորդ իշխանությանը շատ ժամանակ է պետք լինելու՝  շատ արմատական մեթոդներով»։

Տպել
Ամենաշատ