News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ամոթ է, որ Հանրային հեռուստաընկերությունը այդպիսի միակողմանի ռեպորտաժ է պատրաստում՝ չապահովելով մյուս կողմի դիրքորոշումը եւ խախտելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը»։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ֆեյսբուքյան իր էջում այս ռեպորտաժով կիսվելուն։ Նիկոլ Փաշինյանը նաև կից գրառում էր կատարել՝ նշելով․  «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:

Այս գրառման առնչությամբ Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «Կլինի վարչապետը թե այլ անձ, այլ պաշտոնյա պետք է խուսափեն նման արտահայտություններից, որովհետեւ դրանք կլասիկ զրպարտության օրինակներ են։ Կա ե՛ւ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, ե՛ւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, որ անկախ նրանից, եթե նույնիսկ կա քրեական գործ եւ անձը մեղադրվում է այս կամ այն հանցագործության մեջ, դա դեռ բավարար չէ, որ այդ անձին վերագրեն այդ արարքները եւ հայտարարություններով հանդես գալով՝ ասեն, որ անձը կատարել է այդ արարքը, այդ թվում՝ քրեորեն պատժելի արարքը։ Ինչո՞ւ, որովհետեւ գոյություն ունի անձի անմեղության կանխավարկած, այսինքն անձը անմեղ է, քանի դեռ իր մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  Տվյալ դեպքում գործը նույնիսկ դեռ դատարան էլ չի հասել։ Պատրաստել ռեպորտաժ, այն էլ Հանրային հեռոուստաընկերությամբ, իսկ մենք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքից գիտենք, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է ղեկավարվի օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, կարծիքի ազատ արտահայտման եւ այլ ազատությունների սկզբունքներով։ Այսինքն լինելով Հանրային հեռուստաընկերություն ինքն առաջինը պետք է ցույց տա օբյեկտիվություն եւ օրինակ ծառայի մյուս մասնավոր հեռուստաընկերություններին»,-նշեց նա։

Հովհաննիսյանը շեշտեց՝ օրենքով Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է ներկայացնել խնդրի վերաբերյալ ե՛ւ պաշտոնական հաղորդագրությունը, ե՛ւ ապահովվի կարծիքի բազմազանությունը․ «Այսինքն եթե այդպիսի ռեպորտաժ է պատրաստվում, պետք է ներկայացված լինի նաեւ մյուս կողմի դիրքորոշումը, իսկ ինչ ենք մենք տեսնում՝ Հանրային հեռուստաընկերությունը վերցնում է ՀՔԾ հաղորդագրությունը, վերարտադրում է այն, այն էլ չեմ կարող ասել, որ վերարտադրությունը բարեխիղճ է, եւ սա նույնպես պետք է գնահատականի արժանանա, որովհետեւ «Զանգավածային լրատվության մասին» օրենքով պարտադրվում է, որ տեղեկատվությունը լինի կամ բառացի, կամ բարեխիղճ վերարտադրությամբ, ես այդտեղ բարեխիղճ վերարտադրություն չեմ տեսնում։ Բացի այդ, նման տեղեկատվություն հաղորդելուց հետո ԶԼՄ-ն գրում է, որ անձը համարվում է անմեղ քանի դեռ դատարանի դատավճով ապացուցված չէ իր մեղքը, իսկ Հանրային հեռուստաընկերության այդ հաղորդման մեջ նման արտահայտություն չեք տեսնի։ Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ այն, ինչ ասվեց այդ հաղորդման ժամանակ, միանշանակ է,  եւ անձը իրոք կատարել է այդ արարքը»։

Արդարադատության նախկին փոխնախարարի կարծիքով՝  եթե օբյեկտիվ լիներ Հանրային հեռուստաընկերությունը, պահպաներ եւ ներկայացներ նաեւ մյուս կողմի դիրքորոշումը, քաղաքացիները կհասկանային, որ հնչող մեղադրանքը միանշանակ չէ․ «Օրինակ, նշվում է, որ Հրայր Թովմասյանը փաստացի տնօրինել է տարածքը, ո՞ւր է ապացույցը կամ ասվում է, որ Թովմասյանը փաստացի գումար է ստացել տարածքից, ո՞ւր է ապացույցը, ինչի՞ց իմացաք։ Ամոթ է, որ Հանրային հեռուստաընկերությունը միակողմանի այդպիսի ռեպորտաժներ է պատրաստում՝ չապահովելով մյուս կողմի դիրքորոշումը եւ խախտելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը»։

Հովհաննիսյանը շեշտում է՝ իր համար ամոթալի էր, սակայն զարմանալի չէր այդպիսի հաղորդումը․

«Ինձ համար սա ամոթալի է, բայց զարմանալի չէ մեկ պարզ պատճառով, որ նույն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով նշված է չէ, որ Հանրային հեռուստաընկերության կառավարման մարմինը խորհուրդն է, որի անդամներին նշանակում է վարչապետը։ Բնականաբար, ո՞ւմ էր ձեռնտու նման բովանդակության ռեպորտաժը, բնականաբար՝ վարչապետին։ Այստեղ կարեւոր է հասկանալ՝ եղե՞լ է արդյոք պարտադրանք կամ ո՞ւմ հանձնարարությամբ է Հանրային հեռուստաընկերությունը նման միակողմանի տեղեկատվություն հրապարակում, որ հասկանանք կան օրենքով արգելված արարքներ, օրինակ՝ պաշտոնական լիազորությունների անցում կա թե չկա»։

Նրա կարծիքով՝ վարչապետի կողմից այդ տեսանյութը տարածեը խոսում է այն մասին, որ շարունակվում է վարչապետի մակարդակով ճնշումները ՍԴ-ի նկատմամբ եւ ՍԴ գործունեությանն անուղղակի միջամտություն է սա․ «Սրանով խախտվում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի այն հոդվածը, որով ասվում է, որ ՍԴ դատավորին առնչվող քրեական գործերով պետք է ապահովի մինչդատական վարույթի գաղտնիությունը եւ դատավորի հեղինակության եւ անկախության նկատմամբ հարգանքը, բացառվի դատավորի գործունեության որեւէ միջամտություն։ Այս պարագայում գործադիր իշխանության ղեկավարի կողմից անուղղակի միջամտությունը դատական իշխանությանը ես տեսնում եմ։ Այս ամենի նպատակը հանրությանը զինելն է այն թյուր կարծիքով, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով, արժանի չէ, սրելով հանրային կարծիքը ՍԴ-ի նկատմամբ, ստեղծել բացասական կարծիք ՍԴ դատավորների եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամաբ եւ սա արվում է այն 2 ամսվա ընթացքում, երբ ՍԴ դատավորները վաղ կենսաթոշակի այդ խայտառակ օրենքի հիման վրա կարող են անցնել կենսաթոշակի, սա ճնշում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ