News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ հակասահմանադրական եւ հակաիրավական փաթեթների հետ գործ ունենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:

«Օրենքը ստորադաս է Սահմանադրությանը եւ օրենքի միջոցով արգելված է դադարեցնել Մայր օրենքի նորմի գոյությունը, հակառակ պարագայում կունենանք մի վիճակ, երբ մեր կյանքի իրավունքը ամրագրված է սահմանադրական մակարդակով, իսկ որոշ ժամանակ անց օրինակ խորհրդարանն օրենքով որոշում է, որ ՀՀ քաղաքացիներն այլեւս չեն օգտվում կյանքի  իրավունքից», նշել է Ս.Սահակյանը:

Ըստ իրավաբանի՝ Սահմանադրությունը նշում է ՍԴ պարտադիր լիազորությունները,  դրանց մեջ նախատեսված է սահմանադրական փոփոխությունների նախագծերի նախնական սահմանադրական վերահսկողությունը եւ հետագայում կարգավորում է, թե որ ԱԺ-ն ունի պարտականություն դիմելու ՍԴ. «Այս նախագծով սահմանադրական այդ կարգավորումը դառնում է հայեցողական եւ ՍԴ լիազորության իրականացումը կախվածության մեջ է դրվում ԱԺ հայեցողությունից, ինչը անթույլատրելի է։ Մյուս վտանգն այն է, որ նույնանման կարգավորումներ ունենք միջազգային պայմանագրերի՝ տարածքների զիջման, տարածքների փոփոխոխությանը վերաբերող հարցերում ու նաեւ վերազգային կազմակերպությունների անդամակցության, որի պարագայում երկրներն իրենց ինքնիշխանությունը որոշ չափով զիջում են դրան։ Սրանք մյուս հարցերն են, որոնցով նախատեսված է ՍԴ պարտադիր լիազորություն եւ սա շատ վատ նախադեպ կձեւավորի հետագայում այս կարեւորագույն հարցերում նույնպես հայեցողություն տալով ԱԺ-ին տարածքների փոփոխության կամ կառավարությանը՝ միջազգային պայմանագրերի վավերացման հարցով»։

Ձեւավորված ՍԴ բարեփոխումների հանձնաժողովը, Սիրանուշ Սահակյանի խոսքով,  սեղմ եւ ոչ իրատեսական ժամկետներում կտա մի արտադրանք, որի մեջ կլինեն քաղաքական լուծումներ եւ դրանք իրենց մեջ կպարունակեն հակաիրավական լուծումներ. «Պարզապես քանի որ չի ուղարկվելու ՍԴ՝ սահմանադրականությունը ստուգելու, հնարավորություն կունենան օրենքի մակարդակով կամ հանրաքվեով ընդունել եւ այդ կամքը պարտադրել պետությանը՝ փոխելով նաեւ Սահմանադրության մեջ ընկած արժեքաբանությունը»։

«Օբյեկտիվորեն գոյություն ունեցող խնդիրների լուծման սա չի հանգեցնելու, որովհետեւ խոսքը սահմանադրական փոփոխությունների մասին է, որոնց տեքստը հասարակությունը չի տեսել, քննարկման առարկա չի դարձել, իսկ Սահմանադրության փոփոխությունը նաեւ ենթադրում է կոնսոլիդացիա երկրում գործող բոլոր քաղաքական ուժերի մակարդակում, դրա հետ կապված չկան միջազգային կառույցների մոտեցումներ եւ որեւէ կերպ հիմնավորելի չէ, թե այդ շղթայից սահմանադրական մարմին հանելը, որի գերխնդիրը իրավական պետության եւ Սահմանադրության արժեքների պահպանումն է, որքանով է առնչվում իրենց  առաջ քաշած խնդրի հետ։ Եթե վկայակոչում են ՍԴ որոշ դատավորների ընտրության ընթացակարգում խախտումները, ապա դրանց բանալին իրավական ընթացակարգում վիճարկելն է։ Տեսանք, որ որեւէ ընթացակարգում դրանք չեն բարձրաձայնվում, միջազգային ատյաններում դրանց բարձրաձայնումը հանգեցնում է կոշտ քննադատության, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովը ուղղակիորեն ամրագրեց, որ յոթ դատավորի լեգիտիմությունը կասկածի տակ դնելը դատավոր-դատարանի անդամ բառախաղի միջոցով չունի որեւէ հիմք, գործող կազմը լեգիտիմ է եւ եթե այլ խնդիր ունի իշխանությունը՝ արագացնելու որոշ բարեփոխումներ, դրա միգուցե բացառիկ ճանապարհը կարող է լինել “Կենսաթոշակային” օրենքը, որի դեպքում պետք է հարգվի կամավորությունը։ Այլ կերպ ասած՝ որեւէ ճանաչված խնդիր քաղաքական ուժից դուրս մակարդակում, թե ՍԴ-ն ունի լեգիտիմության պակաս, պարզապե գոյություն չունի։ Հետեւաբար եթե չկա ճանաչված խնդիր, չի կարող լինել նաեւ դրա լուծում եւ առավել եւս ՍԴ-ն փոփոխությունների գործընթացից մեկուսացնելը արդարացում չունի։ Եթե ընդունենք, որ լեգիտիմության պակաս իսկապես գոյություն ունի, ապա անհասկանալի է, թե ինչու է կառավարությունը միջազգային պայմանագրերի հարցով դիմում ՍԴ եւ դրա որոշումների հիման վրա միջազգային պայմանագրերի վավերացման գործընթաց սկսում։ Եթե լեգիտիմ է մի մասով, ապա լեգիտիմ է բոլոր մասերով։ Եթե ոչ լեգիտիմ մարմինն այսքան ժամանակ կայացրել է որոշումներ, որոնք նաեւ կանխորոշել են կառավարության գործողությունները, դրանց կիրառումը ազդել է յուրաքանչյուրիս կյանքի վրա, ապա դրանց հետեւանքների վերացման ինչ լուծում ունի եւ ինչպես է պետությունը երաշխավորելու իրավական անվտանգությունը։ Սա ոչ մի տեղ չտանող ուղի է, որը մեծացնելու է իրավական եւ քաղաքական քաոսը եւ որեւէ խնդիր չի լուծելու»։

Իրավաբանը հիշեցրել է, որ ՀՀ-ն այս պահին 10 երկրի հետ գտնվում է ամբողջական մոնիտորինգի ներքո եւ առհասարակ համաշխարհային պատմության մեջ լայն տարածում չունի ՍԴ-ի եւ իշխանության մյուս թեւերի հակամարտությունը. «Ուստի միջազգային հանրությունը սա ընկալում է որպես արտակարգ զարգացում, որը չի կարող իրենց ուշադրությունից վրիպել եւ ՀՀ ներքաղաքական զարգացումներին հետեւելով միջազգային կառույցներում եւս ձեւավորված է մոտեցում, որ ՍԴ անդամներից ձերբազատվելը իշխանության համար օրակարգային հարց է։ Եթե այս ճանապարհին ընտրվում են ոչ իրավական լուծումներ, ապա հնչեցվելու են քննադատական հայտարարություններ, որոնց միջոցով փորձ է արվելու պետությանը վերադարձնել կառուցողական երկխոսության դաշտ։ Եթե դրանք հաջողություն ունենան, այս կառույցների միջնորդությամբ կդադարեցվի հակամարտությունը, իսկ եթե դրանք իրենց կոպտագույն շարունակությունն ունենան, ինչը մենք տեսնում ենք, կարծում եմ, քննարկման առարկա է դառնալու նաեւ Հայաստանի նկատմամբ որոշակի պատժամիջոցների կիրառման հնարավորությունը»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ կարող են լինել քաղաքական բնույթի սանկցիաներ, օրինակ, Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելը, կարող են իրենց մեջ ունենալ իրավունք սահմանափակող բնույթ եւ տարածվել ՀՀ քաղաքացիների կամ բիզնեսի վրա՝ տեղաշարժ, բիզնեսներին տրված արտոնություններ, ճանապարհորդելու կամ այլ բարելավված ռեժիմների փոփոխություն, եւ կարող են ունենալ տնտեսական բաղադրիչ, ֆինանսական աջակցության կրճատում։

«Եվրոպայի խորհրդի մարմինները գործում են միջազգային այլ կառույցների հետ փոխհամագործակցված եւ չեմ բացառում, որ սա իր ազդեցությունն է ունենալու նաեւ  ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա եւ ֆինանսական աջակցության ծրագրերում որպես նախապայման նշվի Վենետիկի հանձնաժողովի հանձնառություններին հետեւելը, այս ոլորտի զարգացման ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով»։

Իշխանությունը, իրավաբանի կարծիքով, ունի հնարավորություններ մասնագետների ներգրավմամբ, դիվանագիտական խողովակներով այնտեղի տրամադրությունների ստուգման միջոցով հասկանալ արձագանքը, դրա լրջությունը եւ ՀՀ համար դրա հետեւանքները. «որովհետեւ այս հարցերը միայն ներքին լսարանին ուղղված խնդիրներ չեն եւ թուլացված ժողովրդավարական իմիջով ու կապիտալով ՀՀ-ն չի կարողանալու Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանին վերաբերող հարցերը հիմնավոր, լեգիտիմ կերպով առաջ տանել»։

Տպել
Ամենաշատ