Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) խախտում է Սահմանադրությունը եւ մի շարք օրենքներ։ Այսօր` ապրիլի 19-ին մամուլի ասուլիսում նման հայտարարություն կատարեց Լուսակերտի թռչնաֆաբրիկայի շահերի պաշտպան Իրինա Հակոբյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը ` ՏՄՊՊՀ-ն մարտի 30-ի նիստում «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությանը ճանաչել է գերիշխող դիրքը չարաշահող եւ 100 մլն դրամի տուգանք նշանակել (2009-ին ընկերության հասույթի 2 տոկոսի չափով):
Հանձնաժողովի որոշումը պայմանավորված է հետեւյալով. դեկտեմբերի վերջում`ձվի դեֆիցիտի եւ իրացման գների կտրուկ ավելացման օրերին, ձուարտադրողների մոտ պահեստավորված է եղել մեծ քանակի ձու, որի գերակշիռ մասը պատկանել է ԼՏԹՖ-ին։
Ի. Հակոբյանը լրագրողներին հիշեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն իրենց թռչնաֆաբրիկային մինչ այդ էլ տուգանել էր 5 մլն դրամի չափով` մակնշում չիրականացնելու համար: Սակայն թռչնաֆաբրիկան դատական կարգով բողոքարկել է հանձնաժողովի որոշումը եւ շահել դատը: Այդ հանգամանքն էլ, ըստ Ի. Հակոբյանի, բարկացրել է ՏՄՊՊՀ-ին, եւ նրանք մի նոր վարույթ են սկսել:
Իրավաբանը մի քանի օրինակ նշեց, թե ինչպես ՏՄՊՊՀ-ն խախտել է Սահմանադրությունը եւ օրենքները: Նախ, ըստ իրավաբանի, հանձնաժողովն իր եզրահանգումներն ապացուցում է դիտանցումների միջոցով: Սակայն մինչ օրս ոչ ոք չգիտի, թե «դիտանցում» ինչ է նշանակում:
Համենայնդեպս, կառավարությունը նման կարգ չի սահմանել, հետեւաբար` ՏՄՊՊՀ-ն գործել է օրենքից դուրս`վերազանցելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Մեկ այլ խախտում է, ըստ Ի. Հակոբյանի, այն, որ Հանձնաժողովն իր որոշման մասին տեղեկանքը լրագրողներին բաժանում է նիստից առաջ, երբ դեռ որոշումը քվեարկության չի դրվել:
Ի. Հակոբյանն ասաց նաեւ, որ օրենքի համաձայն տուգանքը պետք է կազմի նախորդ տարվա հասույթի 2 տոկոսը, իսկ դա կազմում է ոչ թե 100 մլն դրամ, այլ` 80 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը NEWS.am-ին նույնպես հայտնել էր, որ դատարանում կբողոքարկի ՏՄՊՊՀ որոշումը:





























