News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երբ աղքատ երկիրն օգնություն է ստանում Համաշխարհային բանկից ճանապարհի, ջրմուղի կամ կոռուպցիայի դեմ պայքարի համար, գրեթե միշտ անմիջապես հրաշք է տեղի ունենում. աղքատ երկիրը հանկարծ սկսում է հոսալ արտարժույթով, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը: Այն ուղիղ հոսում է օֆշորների մեջ, պարզել են տնտեսագետները, եւ բոլոր տարբերակների վերլուծությունից հետո նրանք կանգ են առել ամենաիրատեսականի վրա. օգնության մի մասը գողանում են իշխանությունները: Աղքատ երկրներում` միջինում մոտ 7.5 տոկոս, ծայրահեղ աղքատ երկրներում` կրկնակի ավել` մինչև 15 տոկոս:

Երեք տնտեսագետներ, որոնցից մեկը Համաշխարհային բանկի աշխատակիցն է, ներկայացրել են իրենց հետեւությունները նախորդ տարվա ուսումնասիրության վերաբերյալ և պարբերաբար այն փոխանցել են այն բանկին` քննարկման եւ հրապարակման համար: Նոյեմբերին ամեն ինչ պատրաստ էր:

Բայց աշխարհն իմացավ նրանց աշխատանքի մասին միայն փետրվարին եւ` սկանդալային հանգամանքներում. արեւմտյան երկու առաջատար պարբերականներ, որոնցից մեկը` Economist-ը, հրապարակման բացակայությունը կապել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Փենի Գոլդբերգի հեռանալու հետ, որը մեկուկես տարուց քիչ մնաց այս պաշտոնում:

Economist-ը, իսկ այնուհետեւ նաեւ Financial Times-ը, նկարագրել են չհրապարակված աշխատանքի բովանդակությունը եւ իրավիճակը դրել են Համաշխարհային բանկում կատարված փոփոխությունների համատեքստում, որի ղեկավար էր վերջերս դարձել դրա քննադատը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցը: Նրանք իրավիճակը տագնապալի հիշեցում են անվանել այն մասին, որ անկախ փորձաքննությունն ու հետազոտությունները երբեմն քաղաքական նպատակահարմարության զոհ են դառնում, ինչը խաթարում է տարվող քաղաքականության եւ աղքատ երկրներին օգնության արդյունավետությունը:

Մամուլում առաջացած աղմուկն ունեցավ իր ազդեցությունը. նախ, «Էլիտայի կողմից արտաքին օգնության յուրացումը. օֆշորային հաշիվներից վկայությունները» վերնագրով փաստաթղթի սեւագիր տարբերակը «բանկի հետ համաձայնությամբ» հրապարակեց դրա համահեղինակներից մեկը: Եվ շուտով բանկն առանց ավելորդ աղմուկի ուսումնասիրությունը տեղադրեց իր կայքում:

«Իրադարձություններն արագ են զարգանում. մեր աշխատանքը հենց նոր տեղադրվել է Համաշխարհային բանկի կայքում»,- Twitter-ի իր էջին հայտնել էր Յորգեն Անդերսոնը: Բանկն ասում էր, որ չէր արգելել հրապարակումը, այլ միայն հետաձգել էր այն, քանի որ դեռ կասկածներ ուներ եզրակացությունների հիմնավորման վերաբերյալ: Փենի Գոլդբերգն իր հեռանալը ոչ մի կերպ չբացատրեց: Bloomberg լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ բանկի ղեկավար Դեյվիդ Մալպասը էլեկտրոնային փոստով աշխատակիցներին հայտնել էր, որ Գոլդբերգը վերադառնում է Յեյի համալսարան եւ շնորհակալություն էր հայտնել նրան` «բանկին բարձրակարգ գիտական հետազոտություններ տրամադրելու իր կրքոտ ձգտման համար»:

Գողացել են, թե՞ ինքն իրեն է անհետացել 

Անդերսոնն իր գործընկերոջ հետ մի քանի տարի առաջ հետաքննել էր նավթային երկրներից օֆշորային գումարների ներհոսքի երևույթը նավթի գների բարձրացումից հետո: Համաշխարհային բանկի տնտեսագետներից մեկը հետաքրքրվել էր սկանդինավյան գիտնականների աշխատանքով, եւ շուտով նրանք երեքով նմանատիպ նախագիծ նախաձեռնել՝ պարզելու, արդյո՞ք նման բան տեղի է ունենում երկրի` միջազգային օգնության ստանալուց հետո:

Նրանք ուսումնասիրել են երկու տասնյակ երկրներից արտարժույթի փոխանցումների վերաբերյալ տվյալները, որոնք առավել կախված են արտոնյալ վարկերից եւ Համաշխարհային բանկի դրամաշնորհներից: Եվ պարզել են, որ հենց որ այդ երկրները զգալի օգնություն են ստանում` ՀՆԱ-ի ավելի քան 1 տոկոսի չափով, գրեթե անմիջապես դրանցից գումարները սկսում են հոսել դեպի օֆշորներ: Միջինում` ստացվածի 7.5 տոկոստ: Բայց, գուցե, ավելի շատ են գողանում:

«Այսպիսի համեստ չափերը ստորին շեմն է, քանի որ նրանք հաշվի են առնում միայն արտասահմանյան հաշիվներին ուղարկված միջոցները եւ չեն ներառում անշարժ գույքի, շքեղ իրերի եւ այլնի վրա ծախսածը»,- նշված է հետազոտության մեջ:

Եթե օգնության չափը մեծանում է մինչեւ ՀՆԱ-ի 3 տոկոս, ինչը հատուկ է ծայրահեղ աղքատ երկրներին՝ նկատի ունենալով նրանց տնտեսության մանրադիտակային ծավալը, արտահոսքի բաժինը կրկնապատկվում է՝ հասնելով մինչեւ 15 տոկոսի:

«Գործնականում անսխալ կարելի է պնդել, որ օգնության հատկացման շրջանում օֆշորներ արժույթի արտահոսքի շահառուները տնտեսական վերնախավի ներկայացուցիչներն են: Օգնության ներհոսքը փողի արտահոսքի վերածելու ստույգ մեխանիզմն ավելի բարդ է որոշել, բայց ամենաակնհայտ եւ ճշմարտանման տարբերակը հատկացված միջոցների յուրացումն է քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների կողմից»,- այսպիսի եզրակացության են հանգում գիտնականները: Եվ բացատրում են, թե նրանք ինչու են հերքում արտահոսող կապիտալի օրինական ծագման տարբերակները: Նախ, նկարագրված պոռթկումների ժամանակահատվածում փողերը գերադասում են բանկային գաղտնիության հանգիստ նավահանգիստները, ինչպիսիք են Ցյուրիխը, Լյուքսեմբուրգը, Սինգապուրը եւ Կայմանյան կղզիները: Լոնդոնի կամ Նյու Յորքի ուղղություններով որեւէ ակտիվություն չի նկատվում, չնայած համաշխարհային ֆինանսական կենտրոնների նրանց անվիճելի դիրքերին:

Երկրորդ, քննադատություն չի հանդուրժում ենթադրությունն այն մասին, որ հարկադրման լիովին օրինական օպտիմիզացիայի համար գումարները հանում են այն նախագծերի կապալառու ընկերությունները, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի միջոցներով: Ուսումնասիրության հեղինակները օգտագործել են Միջազգային հաշվարկների բանկի վիճակագրությունը, որն այդպիսի փողերի փոխանցումը, օրինակ, Հայաստանին, ոչ թե որպես փոխանցում է հաշվում, այլ որպես տեղական օֆշորային ընկերության դեպոզիտների ավելացում, օրինակ` Բերմուդներում:

Դեպի օֆշորներ արտարժույթի արտահոսկի եւս մի հավանական պատճառ է ՝ առեւտրային եւ կենտրոնական բանկերի պորտֆելների վերաբաշխումը, որն այս դեպքում եւս բացառվում է, քանի որ ուսումնասիրությունը վերաբերում է միայն ոչ ֆինանսական կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց փոխանցումներին:

Ուսումնասիրության մեջ 22 երկիր է ներառված՝ Ղրղզստանը, Հայաստանը, Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Գանան, Գայանան, Գվինեա-Բիսաուն, Զամբիան, Մավրիտանիան, Մադագասկարը, Մոզամբիկը, Մալավին, Մալին, Նիգերը, Ռուանդան, Սան Տոմեն և Պրինսիպին, Սիերա- Լեոնեն, Տանզանիան, Ուգանդան, Էրիթրեան եւ Եթովպիան:

Դրանք ընտրվել են այն պատճառով, որ օգնության չափը, դրանց տնտեսությունների համեմատ, զգալի է, իսկ տեղական բանկային համակարգը զարգացած չէ կամ իսպառ բացակայում է, եւ, հետևաբար, արտահոսքը հստակ տեսանելի է: Ավելի հարուստ երկրների համար Համաշխարհային բանկի վարկը կաթիլ է փողի ծովում, եւ թե ինչ է եզրերից հոսում դեպիօֆշորներ, գրեթե անհնար է որոշել:

Հեղինակները նշում են, որ իրենց հետեւություններն ամրապնդում են նախորդ ուսումնասիրությունների արդյունքները: Դեռ դարասկզբին մի շարք աշխատություններում տնտեսագետներն ապացուցել են` չափազանց մեծ արտաքին օգնությունը կարող է նպաստել կոռուպցիային եւ կոռուպցիոն ինստիտուտներին, իսկ դոտացիաներից առավել մեծ կախվածություն ունեցող երկրները դասվում են աշխարհի ամենաքիչ զարգացածների եւ ամենակոռումպացվածների շարքին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ