News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոլորակի վրա կլիմայի փոփոխության պատճառով մինչեւ 2070թ․ կարող էն անհետանալ բույսերի եւ կենդանիների տարբեր տեսակների 1/3-ը։ Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները, որոնց հոդվածը հրապարակել է Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CBC-ին։

Գլխավոր գործոնը, որն ազդում է կենդանիների ու բույսերի գոյատեւման վրա, գիտնականները համարում են առավելագույն ցերեկային ամառային ջերմաստիճանը։ Նոր աշխատանքի հեղինակները վերլուծել են երկրագնդի բույսերի ու կենդանիների 538 տեսակների մասին տվյալները։ Գիտնականները հայտնաբերել են, որ ուսումնասիրված տեսակների մոտ 44 տոկոսը անհետացել է առանձին տարածքներում, եթե առավելագույն ջերմաստիճանն այնտեղ բարձրացել է ավելի քան 0,5 °C-ով։ Ջերմաստիճանի աճը 2,9 °C-ով եւ ավելի, նրանց խոսքերով, հանգեցրել է տեսակների 95 տոկոսի լոկալ անհետացմանը։

Փորձագետները հիշեցնում են, որ այս տարվա հունվարը դարձել է ամենաշոգ ամիսը 141 տարվա դիտարկումների ընթացքում, իսկ վերջին տասնամյակը՝ ամենաշոգը ուսումնասիրման ամբողջ ժամանակահատվածում։ Բացի այդ, կլիմատոլոգները ենթադրում են, որ 2020թ․ «ամենայն հավանականությամբ կմտնի պատմության մեջ հինգ ամենատաք տարիների թվում»։

Առավել խոցելիները, մասնագետների կարծիքով, այն կենդանիներն ու բույսերն են, որոնք բնակվում են արեւադարձային գոտում։ Գիտնականները պարզել են, որ բույսերի ու կենդանիների անհետացման արագությունը ուղիղ կապ կունենա այն բանի հետ, թե որքան արագ է տաքանում մոլորակը։

«Եթե մենք հավատարիմ մնանք կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրին, ապա 2070թ․ կարող ենք կորցնել բույսերի ու կենդանիների տեսակների մոտ 20 տոկոսը։ Սակայն առավել ուժեղ տաքացումը կարող է հանգեցնել կենդանիների եւ բույսերի բոլոր տեսակների ավելի քան երրորդ մասի կամ նույնիսկ կեսի անհետացմանը»,- ամփոփեռլ է Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Վինսը։

Փարիզյան համաձայանագիրը ընդունվել է 2015թ․ դեկտեմբերի 12-ին՝ Կլիմայի փոփոխության հարցերով Շրջանակային համաժողովի արդյունքներով։ Մասնակից-երկրները պայմանավորվել են թույլ չտալ, որպեսզի երկրագնդի վրա միջին ջերմաստիճանը մինչեւ 2100 թվականը բարձրանա ավելի քան 2 °С-ով՝ համեմատած մինչինդուստրիալ ժամանակաշրջանի հետ։ Համաձայնագիրը, մասնավորապես, ենթադրում է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ