News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 03
USD
509.14
EUR
613.77
RUB
6.73
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Եթե մինչեւ վաղը՝ 11։00-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չարձագանքեն դաժան ծեծի ենթարկված Արամ Մխիթարյանի հորը՝ Սամվել Մխիթարյանին, ապա նա իր որդու անգիտակից մարմինը բերելու է Կառավարություն։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սամվել Մխիթարյանը։

«Նիկոլ Փաշինյան, գրածս 3 նամակն էլ Քննչական կոմիտեն չի տվել, պարոն Տոնոյան, ձեզնից չեմ ստացել պատասխան։ Վաղը ժամը 11։00-ին կսպասեմ ձեր պատասխանին պարոն Փաշինյան եւ պարոն Տոնոյան։ Եթե այդ ճիվաղ մարզպետն՝ իր 5 հոգով չկալանավորվեն, Եղեգնաձորի ոստիկանապետը ու ՔԿ պետը պատասխանատվության չկանչվեն, ինձնից չնեղանաք։ Երեխեքիս ազիզ արեւ խոսք եմ տալիս, Արայիս արեւ վաղը 11։00-ին Վայքի ժողովուրդ, կորպուսի տղերք, Չինարի տղերք, ապրիլյան պատերազմի տղերք կանգնեք կողքս։ Որդուս անգիտակից մարմինը կվերցնեմ Կառավարության շենքից կսկսեմ արշավ։ Մի մոռացեք՝ 3-4 հոգի էիք, մոտներդ մարդ չկար կանգնած, եկաք, Գյումրի, Գյումրեցին կանգնեց ձեր կողքը։ Ժողովուրդը մտածեց՝ հիմա էլ սրանց նստացնենք թախտին, գուցե բան կփոխվի. սուտ է, ոչինչ չի փոխվել, դատական համակարգն առել ու կառնեն։ Ծեծողին դուրս են թողնում, ջարդվողն էլ թող ջարդվի ծնողի հետ, 6 ամիս հոսպիտալի պատերի տակ է, թող 6 ամիս էլ տանջվի. կարեւորը մենք մեր գործը կանենք, էն մարդիկ էլ իրենց կյանքը կվայելեն»,- ասաց հայրը։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ փոխգնդապետին ծեծելու դեպքով մեղադրյալ Զավեն Գրիգորյանն ազատ է արձակվել։

«Փոխանակ բերեն բոլորին ենթարկեն պատասխանատվության, այլ կալանավորվածին ազատում են՝ գրավի դիմաց։ Մեր դատական համակարգը կարող է առուծախի մեջ մտնել ցանկացած հանցագործի հետ։ Դեպքից 2 ամիս հետո զանգում եմ քննիչին, ասում եմ՝ ի՞նչ կա գործից, ինձ կանչել է իր մոտ, գնացել եմ ինձ ասել է՝ եկեք առաջնահերթ, մարզպետին դնենք մի կողմ, քանի որ տեսախցիկը ցույց է տալիս, որ մարզպետն այնտեղ չի եղել։ 4 մարդ՝ 3 սպա ու մի հարեւան ասում են մարզպետն է եղել, բայց իրենք դա կոծկում են։ Այդ տեսախցիկները ստից են, դրանք դրվել են դեպքից 10 օր հետո միայն մարզպետի համար։ Մարզպետի աշխատակիցն է զանգել ու ապացուցել, որ տեսախցիկը տեղադրվել է դեպքից հետո։ Ինչ-որ դրել եք թախտին, էնպես էլ թախտը թափ տվեք, որ ուշքի գան։ Հայտարարել են, թե ջութակահար կա մի հատ, որը վկայություն է տալու, թե տղաս գլորվել ու ընկել է։ Մի հատ ավտո լվացող են գտել, որը որտեղից որտեղ հայտնվել է այդտեղ ու ջուր է տվել որդուս. սուտ ես խոսում, դու էլ խփել։ Աբսուրդ վկաներ են փնտրում։ Վերջին քննության ժամանակ վկայություն տվող աղջկան ասում է՝ սպուտնիկը ցույց է տվել, թե դու այդ ժամին քնած ես եղել։ Դա ասում է այն քննիչը, որը հեռախոսի կոդը ջարդի»,- ասաց Սամվել Մխիթարյանը։

Սամվել Մխիթարյանը պատմեց, որ դեպքի օրը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը թույլ չի տվել, որ ուղղաթիռ գնա Եղեգնաձոր. «Երբ դեպքը պատահել էր մարզպետը չթողեց ուղղաթիռը իջնի Եղեգնաձոր՝ ձեր խաղողի դաշտերի համա՞ր էիք վախենում։ Բժիշկներին հարցրեք, եթե երեխաս մի ժամ առաջ հասներ այստեղ էս վիճակին չէր լինի։ Դեպքի օրը փոխանակ իրենք մի քիչ շուտ իմ երեխու մասին մտածեին, այլ ոչ թե կաբինետում հավաքվեին մութ գործեր անեին, այլ երեխայիս ժամ առաջ հասցնեին հոսպիտալ»։

Նշենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Տպել
Ամենաշատ